կարևոր
580 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-19 16:17
Հասարակություն

36 տարիների պատմությունը պարզապես ժամանակի ընթացք չէ․ այն սերունդների պատմություն է իրենց գաղափարներով, պայքարով․ Շահանե Չոբանյան

36 տարիների պատմությունը պարզապես ժամանակի ընթացք չէ․ այն սերունդների պատմություն է իրենց գաղափարներով, պայքարով․ Շահանե Չոբանյան

Այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության 36-ամյակը։ Այդ առիթով ներկայացնում ենք ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Շահանե Չոբանյանի անդրադարձը։

«Շնորհավոր ծնունդդ, իմ սիրելի՛ ու թանկագի՛ն ՆԱՈւՄ։

Կան կառույցներ, որոնք ավելին են, քան պարզապես գաղափարների շուրջ համախմբված մարդկանց միություն։ ՆԱՈւՄ-ն ինձ համար հենց այդպիսին է՝ տուն, ընտանիք, միջավայր, որտեղ ձևավորվում են մտածողություն, ամրապնդվում են համոզմունքներ, կերտվում է ընկերություն, և որտեղ գաղափարները ոչ միայն բարձրաձայնվում են, այլև դառնում գործ։

36 տարիների պատմությունը պարզապես ժամանակի ընթացք չէ։ Այն սերունդների պատմություն է՝ իրենց գաղափարներով, պայքարով, նվիրումով ու անցած ճանապարհով։ Սերունդներ, որոնք իրենց հետքն են թողել միության պատմության մեջ և իրենցից հետո թողել մի ժառանգություն, որի շարունակողը լինելու պատիվն ու պատասխանատվությունը մերն է։

ՆԱՈւՄ-ը մի վայր է, որտեղ կարող ես ազատ արտահայտել մտքերդ, պաշտպանել համոզմունքներդ, բանավիճել, համաձայնել կամ չհամաձայնել, բայց միևնույն ժամանակ զգալ, որ պատկանում ես մի ընտանիքի, որի հիմքում ընկերությունն է։ Այստեղ «ընկեր»-ը պարզապես բառ չէ։ Այն վստահություն է, փոխադարձ աջակցություն և այն գիտակցումը, որ կողքիդ մարդիկ կան, որոնց հետ քեզ կապում է շատ ավելին, քան ընդհանուր գաղափարները։ ՆԱՈւՄ-ի ընտանիքի մաս են կազմում բոլորը՝ հիմնադիր սերնդից մինչև նորագիր ընկերները՝ անկախ տարիքից ու միությանն անդամակցելու ժամանակից։ Այստեղ սերունդները միավորվում են ընդհանուր գաղափարներով, արժեքներով ու ընկերությամբ: Ընտանիքի անդամներ, որոնց կարող ես ապավինել, որոնց հետ կարող ես ստեղծել, սխալվել, սովորել, աճել ու շարունակել առաջ գնալ։

Ինձ համար մեծ պատիվ է լինել այս պատմության մի մասնիկը, կրել աղբալյանականի անունն ու ներդրում ունենալ այն ճանապարհի շարունակության մեջ, որը մեզ է հասել ավագ ընկերներից։ Եվ որքան էլ փոխվեն ժամանակները, մեր պարտքն է արժևորել մեր ժառանգությունը, ամուր մնալ մեր արժեքներին ու փոխանցել դրանք գալիք սերունդներին։

Թող ՆԱՈւՄ-ը շարունակի մնալ գաղափարակիցների համախմբման, մտքի ազատության, ընկերության ու նվիրումի այն «կադրերի դարբնոցը», որտեղ երիտասարդները ոչ միայն գտնում են իրենց ձայնը, այլև սովորում են պատասխանատվություն կրել իրենց խոսքի, ընտրությունների ու գործի համար։

Շնորհավոր 36-ամյակդ, իմ սիրելի՛ ՆԱՈւՄ։ Թող միշտ մնաս այն տունը, որտեղ ձևավորվում են գաղափարակիցներ, ամրապնդվում է ընկերությունը, և որտեղ յուրաքանչյուրիս համար տեղ կա՝ աճելու, ստեղծելու ու մեր գաղափարների համար պայքարելու»։