կարևոր
397 դիտում, 53 րոպե առաջ - 2026-10-11 17:15
Քաղաքական

Պրիմիտիվ է Հայաստանի «ուկրաինացման» վտանգի մասին Մեդվեդևի հայտարարությունը ընկալել, թե ՌԴ-ն հարձակվելու է Հայաստանի վրա․ Բադալյան

Պրիմիտիվ է Հայաստանի «ուկրաինացման» վտանգի մասին Մեդվեդևի հայտարարությունը ընկալել, թե ՌԴ-ն հարձակվելու է Հայաստանի վրա․ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն անդրադարձել է  Հայաստանի «ուկրաինացման» վտանգի մասին Մեդվեդևի հայտարարությանը՝ նշելով.

«Մեդվեդևի հայտարարությունը՝ Հայաստանի «ուկրաինացման» վտանգի մասին, արժանանում է շատ ուշադրության, անգամ Հանրայինով են հյուրերին հարցեր ուղղում, ընդ որում՝ «արեւմտամոլ» հյուրերին, որոնց պատասխանները կանխավ պարզ են։

Ես երեկ խոսեցի այն մասին, թե ինչպես է Հայաստանի «արևմտամոլ» քաղաքացիա-քաղաքական բոմոնդը գործնականում արժեզրկում եվրաատլանտյան թեմատիկան, ինչը անգամ մեծ ցանկության պարագայում չէր կարող անել Ռուսաստանը։

Վերադառնալով «ուկրաինացման» մասին հայտարարությանը։ Պրիմիտիվ է դա ընկալել, թե Ռուսաստանը հարձակվելու է Հայաստանի վրա, ինչպես Ուկրաինայի դեպքում։ Ու պրիմիտիվ է քննարկել, թե ընդհանուր սահման չկա, հարձակման նախադրյալ չկա, եւ այլն։ Ամբողջ խնդիրն այն է, որ դա քննարկում են մարդիկ, որոնք եղել են այն «գաղափարի» ապոլոգետները, ըստ որի՝ Ռուսաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով աքցանի մեջ է վերցրել Հայաստանն ու Հայաստանին պատժում է նրանց ձեռքով։ Ուրեմն, դրա մասին խոսողները, խոսում են, թե Ռուսաստանը չունի Հայաստանի վրա հարձակվելու բավարար «լոգիստիկա»։

Սա եւս վկայում է, որ այդ մարդիկ իրականում այլ բանով զբաղված չեն եղել եւ չեն, քան Ռուսաստանի համար Հայաստանի հանդեպ գործողությունների «ալիբի» ապահովելը։ Մոսկվան կօգտվի՞ այդ ալիքիից, թե ոչ, սա այլ հարց է, բայց որ նրա համար դա ապահովում է հենց «արեւմտամոլ» բոմոնդը, ակնառու է։ Որովհետեւ, Ռուսաստանը Հայաստանի վրա չի հարձակվելու ինչպես Ուկրաինայի վրա։ Եվ բանը բոլորովին էլ լոգիստիկան չէ։ Բանն այն է, որ լրիվ այլ են ռեգիոններն ու դրանց նշանակային տարբերությունները։

Ըստ այդմ, Ռուսաստանը Հայաստանը «փրկելու» է։ Իսկ ո՞ւմից է Հայաստանը փրկվում, պատմականորեն։ Այո, փրկվելու է Թուրքիայից, ներկայումս նաեւ Ադրբեջանից, ու նաեւ մերձավորարեւելյան թյուրքալեզու տարատեսակ բաշիբոզուկ վարձկաններից։

Իսկ, որպեսզի Ռուսաստանը «փրկի», որպեսզի բանը հասնի «փրկվելուն», պետք է նախ Ռուսաստանը «հեռացնել»։ Ահա այն, ինչ կատարվում է, եւ ինչը մատուցվում է «ինքնիշխանություն» գայթակղիչ փաթեթի ներքո»։