Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ երկու ամիս առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, ինչը ՀՀ-ում միանշանակ չընդունվեց:
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այս հայտարարությանը, հիշեցրեց, որ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը պարզաբանել է հարցը, որ համատեքստից դուրս մեկնաբանություն է եղել մամուլում և քաղաքական որոշ շրջանակների կողմից, այսինքն՝ հայտարարությունը դիտարկվել է տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի տրամաբանության մեջ:
«Նախարարը բերել էր Լարսի օրինակը, որ երբ փակվում է, խնդիր է առաջանում, որի դեպքում անհրաժեշտ է լինում ԱԳՆ-ի միջամտությունը: Իհարկե, սպասելի էր, որ Իրանից կարող էին որոշակի արձագանքներ լինել, սակայն որևէ արձագանք Իրանում չի եղել: Ըստ էության` նրանց համար ընկալելի են եղել հայկական կողմի բացատրությունը և ենթատեքստը»,- ասաց իրանագետը՝ հավելելով, որ իր հերթին Հայաստանը ԱՄՆ-ին հասկացրել է, որ հայ-իրանական հարաբերություններն այլընտրանք չունեն:
Իրանագետ Գարիկ Միսակյանն էլ շեշտեց, որ Իրանը որդեգրել է սպասողական քաղաքականություն: «Պետք նշել, որ Ռոհանի-Փաշինյան հանդիպման ժամանակ Ռոհանին նշեց, որ Հայաստանը դիտարկվում է որպես լավ հարևան երկիր և տնտեսական գործընկեր»,- ասաց նա:
Արտյոմ Տոնոյանը լրացրեց գործընկերոջը, թե Խորհրդային միության փլուզումից հետո մինչ օրս հայ-իրանական օրակարգերն այնպիսին են, որ, անկախ Հայաստանում և Իրանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններից, երկու երկրների հարաբերությունները մնում են նույնը:
«Եզակի երկրներից են, որոնք քաղաքական առումով որևէ խնդիր չեն ունեցել, ինչը չի կարելի ասել տարածաշրջանի մյուս երկրների հետ Իրանի հարաբերությունների մասին: Որքան էլ հայ-իրանական հարաբերությունները որակում ենք զուտ գործընկերային, բայց դրանք առաջին հերթին անվտանգային նշանակություն ունեն թե' Իրանի համար, թե' ՀՀ-ի»,- ընդգծեց Տոնոյանը՝ ենթադրելով, որ 2019-ին դրանք կզարգանան նախկին հունով, այդ թվում՝ տնտեսական ոլորտում:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե շատ է խոսվում, որ նոր իշխանությունները հասկանալի չեն ո'չ ՌԴ-ի, ո'չ էլ Արևմուտքի համար, կարելի՞ է ենթադրել, որ Իրանի համար լիովին հասկանալի են, Գարիկ Միսակյանն արձագանքեց, թե չի եղել Իրանի ղեկավարության կողմից մի հայտարարություն, որում նշվի՝ նոր իշխանությունների քաղաքականությունը հասկանալի չէ:
«Այլ հարց է, որ պետք է գործուն քայլեր արվեն ՀՀ-ի կողմից, որպեսզի Իրանը նշաններ տեսնի և հասկանա, որ Հայաստանը ցանկանում է զարգացնել հարաբերությունները: Կրկնում եմ՝ ոչ մի հայտարարություն չի եղել, թե այս իշխանությունները հասկանալի չեն, թեպետ մեր կողմից որոշակի պասիվություն է նկատվում, որը 2019-ին կշտկվի»,- նշեց իրանագետը:
Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս մակարդակին և դրանից բխող մարտահրավերներին, իրանագետ Արտյոմ Տոնոյանը նշեց, որ թեև 2017-2018 թվականներին Իրանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը մեծացել է, ինչպես նաև իրանական կապիտալի ծավալները, մասնավորապես` իրանական կապիտալով մեքենաշինական և դեղագործական գործարաններ են բացվել Ադրբեջանում, սակայն այդ երկու երկրների միջև խորքային խնդիրները մնում են չլուծված, և լուծման համար դեռ երկար ժամանակ է պահանջվելու:
«Հայաստանը ոչ թե պետք է նայի, թե Իրանն ինչ կապիտալ է ներդնում Ադրբեջանում, այլ փորձի դրանք Հայաստան բերել»,- շեշտեց նա: