կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-28 13:11
Քաղաքական

Ըստ Շարմազանովի` վարչապետի` պրիմիտիվ գողության մասին հայտարարությունը փիլիսոփայական էր

Ըստ Շարմազանովի` վարչապետի` պրիմիտիվ գողության մասին հայտարարությունը  փիլիսոփայական էր

Այսօր լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինչո՞ւ են ուշանում ԱԳ և պաշտպանության նախարարների նշանակումները, ԱԺ նախագահի տեղակալը պատասխանեց, որ որևէ ուշացում չկա, ուշացումն այն կլինի, եթե խախտվի սահմանված ժամկետը: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, որ չի ցանկանում զբաղեցնել ՀԱՊԿ նախագահի պաշտոնը, Շարմազանովը նշեց, որ Սեյրան Օհանյանը կուսակցական չէ և գուցե նման առաջարկ չի ստացել:

Իսկ թե որտե՞ղ են տեսնում ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Շարմազանովն ասաց` քանի որ Գագիկ Խաչատրյանը կուսակցական չէ, ինքը դժվարանում է ասել, թե որտեղ նա կլինի, իսկ Հովիկ Աբրահամյանին տեսնում են ՀՀԿ-ում:

Շարմազանովը չի կարծում, թե նոր կառավարության ձևավորումը նշանակում է հնի ու նորի միջև պայքար, նոր կառավարության ձևավորումը բարեփոխում է, որի պատասխանատուն շարունակում է մնալ Հանրապետական կուսակցությունը: «Բոլոր վարչապետերի, այդ թվում` Կարեն Կարապետյանի կառավարության քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն է, մենք պատասխանատու ենք թե\' դրականի, թե\' բացասականի համար»,- ասաց նա:

Հարցին, թե Կարեն Կարապետյանի կողմից հնչեցված` «պրիմիտիվ գողության» տերը և՞ս ՀՀԿ-ն է, Շարմազանովը պատասխանեց, որ, սկսած Վազգեն Սարգսյանի կառավարությունից մինչև օրս, բոլոր դրականի ու բացթողումների տերը ՀՀԿ-ն է: Իսկ թե ինչո՞ւ գողության մասին վարչապետի հայտարարությանը չի հետևում իրավական հետևանքը, նա դժվարացավ պատասխանել` ասելով, որ ինքը վարչապետի մամուլի խոսնակը չէ, և հարցը կարող են ուղղել հենց վարչապետին: Լրագրողները պնդեցին, որ հայտարարությունն արվել է իրավապահ մարմինների ներկայությամբ, ինչո՞ւ չկա իրավական հետևանք:

«Կարեն Կարապետյանը խոսել է փիլիսոփայության մասին` որ կան խնդիրներ, որոնց ուղղությամբ պետք է արդյունավետ աշխատել: Մնացած հարցերը կարող եք տալ վարչապետին»,- ասաց Շարմազանովը:

Կկարողանա՞ տեխնոկրատների կառավարությունը պայքարել քրեաօլիգարխիայի դեմ: Այս հարցին պատասխանելով` Շարմազանովը նախ շեշտեց, որ դեմ է «քրեաօլիգարխիա» տերմինին, գուցե այն պոպուլյար է, սակայն նման ռեժիմ Հայաստանում չկա: