կարևոր
373 դիտում, 48 րոպե առաջ - 2026-09-25 18:13
Տարածաշրջան Մշակույթ

Բաքվում սպառնացել են Վրաց եկեղեցուն և «խորհուրդ տվել» չկրկնել Հայ եկեղեցու «սխալները»

Բաքվում սպառնացել են Վրաց եկեղեցուն և «խորհուրդ տվել» չկրկնել Հայ եկեղեցու «սխալները»

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի արած հայտարարության հետ։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հաղորդագրության մեջ նշվում է, որ Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի վերջին հայտարարությունը հակասում է Ադրբեջանի և Վրաստանի միջև առկա բարեկամական, գործընկերային և բարիդրացիական հարաբերությունների ոգուն, ինչպես նաև անընդունելի է Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները այլ անվանումներով ներկայացնելը։

«Ադրբեջանը միշտ հարգել է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Միաժամանակ, վրացական կողմի փոխադարձ հարգանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ կարևոր հիմք է հանդիսանում երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերության համար։ Հենց այս համատեքստում է անհասկանալի Վրաց պատրիարքարանի որդեգրած մոտեցումը, որը ենթադրում է տարածքային հավակնություններ՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ։

Կարևոր է, որ կրոնական հաստատությունները զերծ մնան այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնասել Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամության և բարիդրացիության պատմական կապերին։ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները կազմում են ադրբեջանական ժողովրդի և ադրբեջանական պետության ազգային ժառանգության անբաժանելի մասը»,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանից սպառնացել են նաև Վրաց եկեղեցուն և «խորհուրդ տվել» չկրկնել Հայ եկեղեցու «սխալները»։