կարևոր
583 դիտում, 55 րոպե առաջ - 2026-09-08 20:05
Հասարակություն

Բյուրեղավանում աղիքային վարակով հիվանդներից 4 երեխա դեռ հիվանդանոցում է

Բյուրեղավանում աղիքային վարակով հիվանդներից 4 երեխա դեռ հիվանդանոցում է

ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով ամբուլատոր բուժօգնության դիմել է 7 անձ։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բուժօգնության դիմել է 6 անձ, որոնցից 3-ը ինֆեկցիոն բաժանմունքում են բուժվում, իսկ մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն։ 

«7 հոգի դիմել է ամբուլատոր օգնության։ Այս պահին 4 երեխա հիվանդանոցում է»,- նշել են գերատեսչությունից։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ այցելել է Աբովյանի ԲԿ` ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող պացիենտների առողջական վիճակին։ Նա հայտնել է, որ բուժառուների մոտ դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն։ 

«ՀՎԿԱԿ-ն իրականացրել է նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմնի մեր գործընկերներիը և «Վեոլիա ջուր» ընկերությունը: Ջրի և մյուս կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում: Մեկ անգամ ևս հորդորում ենք կենցաղային նպատակով ջուրն օգտագործել եռացրած, մինչև կլինեն լաբորատոր հետազոտության արդյունքերը»,– գրել է Ավանեսյանը։