|
Փոխարժեքներ
03 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.19 |
| EUR | ⚊ | € 422.53 |
| RUB | ⚊ | ₽ 4.1972 |
| GBP | ⚊ | £ 491.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ, «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Անդրեյ Կոլեսնիկը կարծում է, որ Երևանը չպետք է երես թեքի Ռուսաստանից և հրաժարվի Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանից, քանի որ առանց իր ավանդական դաշնակցի Հայաստանը կարող է «կուլ գնալ»։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե Երևանը կարծում է, թե Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանն այլևս անհրաժեշտ չէ, ապա ռուսական կողմը պատրաստ է հեռանալ անգամ վաղը և որևէ բան որևէ մեկին պարտադրել չի պատրաստվում։
Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել Հայաստանում ռուսական ռազմակայանի պահպանման հարցը, եթե Ռուսաստանը նման ցանկություն հայտնի։
«Այս ռազմակայանը հավասարակշռում է որոշ սպառնալիքներ։ Մի քանի տասնամյակ շարունակ այն հիմնավորված կերպով այնտեղ է գտնվում։ Չարժե երես թեքել սեփական դաշնակիցներից․ չէ՞ որ անմիջապես «կխժռեն»։ Փոքր երկիր է։ Ռուսաստանը միշտ օգնության է հասել Հայաստանին, և մեր ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար լավ են եղել»,- РИА Новости-ին ասել է Կոլեսնիկը։
Պատգամավորը հավելել է, որ երկրների միջև հարաբերություններն այժմ բարդացել են։ Կոլեսնիկի կարծիքով՝ Փաշինյանին անհրաժեշտ է հստակ որոշել իր դաշնակիցների ընտրությունը և չփորձել «երկու աթոռի վրա նստել»։
«Մենք միշտ կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները»,-ընդգծել է պատգամավորը։
Հայաստանի Գյումրի քաղաքում, 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն, տեղակայված է ռուսական ռազմակայանը։ 2010 թվականին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել․ ռազմակայանի գտնվելու ժամկետը սկզբնական 25 տարուց երկարաձգվել է մինչև 2044 թվականը։