կարևոր
403 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-10 14:19
Իրավական

«18 թվից մինչև էսօր էս աբսուրդի թատրոնի մասնակից եմ ու չեմ հակասնում՝ ինչի մեջ եմ մեղադրվում»․ Ռոբերտ Քոչարյան

Հակակոռուպցիոն քրեական դատարանում, Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

«Առաջին օրից չեմ հասկացել, թե ինչում են ինձ մեղադրում։ Որևէ պարզաբանում ո՛չ քննիչն է տվել, ո՛չ դատախազները։ Չեմ հասկանում, թե իմ որ գործողության շնորհիվ եմ գերազանցել իմ լիազորությունները»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
 

Հիշեցնենք, որ այսօր անձեռնմխելիության հիմքով Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդեց դադարեցնել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ պատկերացնում է, թե ինչ կլիներ, եթե 2021 թվականի ընտրություններից հետո, երբ իրենք հավաքել էին 29 տոկոս ձայն, հայտարարեին, որ հաղթել են և պետք է գնան կառավարության շենք։

«ի՞նչ պետք է աներ երկրի նախագահը, երբ զուգահեռաբար անցկացվող ցույցերի օրերին բանակի ղեկավար կազմի մի մասը քննարկում էր՝ միանա՞լ ժողովրդի ցույցերին, թե՞ ոչ։ Եվ ինձ զեկուցում են, որ զինվորականներն այնտեղ քննարկում են՝ միանա՞ն, թե՞ չմիանան։ Պե՞տք է ունենայի զինվորականների հետ հանդիպո՞ւմ, թե՞ ոչ։ Եթե չունենայի, արդյոք այսօր ինձ պիտի դատեին անգործությա՞ն համար։ Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու մեջ։ Ցինիզմը չափեր պե՞տք է ունենա, թե՞ ոչ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ իր կողմից հրամանագրերի ստորագրման հարցում քննիչը չպետք է որոշի՝ հիմք կար, թե ոչ, քանի որ դա Սահմանադրության հարց է։

«Երբ ստորագրել եմ հրամանագիրը, արդեն եղել էր 45 հրկիզված մեքենա, մի քանի տասնյակ վիրավորում ստացած զինծառայող և մեկ մարդ՝ շատ ծանր, մահամերձ վիճակում»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելու վերաբերյալ խոսակցություններին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Սարգսյանն իր թեկնածուն չէր, այլ Հանրապետական կուսակցության թեկնածուն էր։