|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը քննադատել է Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանին՝ Իսրայելին «Սիրիան ապակայունացնելու» մեջ մեղադրելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սաարը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։
«Սրանք նույն թուրք առաջնորդներն են, որոնք տասնամյակներ են անցկացրել՝ խախտելով Սիրիայի ինքնիշխանությունը՝ ցինիկաբար դասեր տալով ուրիշներին միջազգային իրավունքի մասին, - գրել է նա։ - Թուրքիան օկուպացրել է Սիրիայի հինգ տոկոսը և մտադիր է ռազմական բազաներ ստեղծել Սիրիայի տարածքում՝ խաթարելու Իսրայելի անվտանգությունը»։
«Համեմատության համար, Իսրայելը պահում է Սիրիայի տարածքի ընդամենը մեկ տասներորդ տոկոսը կազմող բուֆերային գոտի՝ հարավային Սիրիայից Իսրայելի վրա հարձակվել ցանկացող ահաբեկչական խմբավորումներից պաշտպանվելու համար այն բանից հետո, երբ սիրիացի զինյալները խախտեցին 1974 թվականի Իսրայել-Սիրիա ուժերի տարանջատման մասին համաձայնագիրը և 2024 թվականի դեկտեմբերին մտան բուֆերային գոտի», - հավելել է նա։
Սաարը նաև նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան լայնածավալ ռազմական արշավներ է իրականացրել Սիրիայում և Իրաքում քրդական ուժերի դեմ, բազմիցս սպառնացել է հարևան պետություններին, կես դարից ավելի շարունակել է Կիպրոսի 36 տոկոսի օկուպացիան և լայն միջազգային քննադատության է արժանացել մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված։
«Նախարար Ֆիդանը ցանկանում է, որ Իսրայելը դադարի պաշտպանվել իր անվտանգությանը սպառնացող վտանգներից։ Սա տեղի չի ունենա։
Իսրայելը կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ իր քաղաքացիներին ցանկացած սպառնալիքից պաշտպանելու համար», - եզրափակել է նա։
Syria TV-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Ֆիդանն Անկարայում սիրիացի գործընկերոջ՝ Ասաադ Հասան աշ-Շայբանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ հարգելու Սիրիայի տարածքային ամբողջականությունն՝ իսրայելական շարունակվող հարվածները համարելով Սիրիայի ինքնիշխանությանն ուղղված ամենաակնառու սպառնալիքներից մեկը։
Ֆիդանը նաև մատնանշել է Գազայի հատվածի վրա Իսրայելի շարունակական հարձակումները՝ չնայած խաղաղության ծրագրի շուրջ համաձայնությանը՝ հավելելով, որ գործողությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խաղաղություն չի ցանկանում։