|
Փոխարժեքներ
03 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրել է.
«Այսօր, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչի երեւման խորհուրդը, մեր հայացքը կանգ է առնում խաչի առջև՝ այնտեղ, որտեղ մարդկային ցավը և աստվածային սերը միախառնվում են մեկ խորհրդի մեջ։ Հովհաննու Ավետարանի 19.25-30 հատվածը մեզ ներկայացնում է ոչ միայն մի պատմական իրադարձություն, այլ մի խորագույն գոյաբանական և փրկագործական իրականություն։
Խաչի տակ կանգնած են Մարիամը, սիրելի աշակերտը և մի քանի կանայք։ Սա մարդկության պատկերն է՝ ցավի, կորստի և անորոշության մեջ։ Բայց հենց այդտեղ է հնչում Քրիստոսի խոսքը՝ «Ահա քո մայրը»։ Խաչի վրա անգամ, մահվան շեմին, Նա հաստատում է նոր հարաբերություն՝ սիրո վրա հիմնված համայնք։ Այստեղից սկսվում է նոր մարդկությունը, որտեղ արյունակցական կապերը զիջում են հոգևոր կապերին։
Փիլիսոփայական իմաստով խաչը հակասությունների միավորում է։ Այն միաժամանակ պարտություն է և հաղթություն, մահ է և կյանք, լռություն է և խոսք։ Երբ Քրիստոս ասում է՝ «Կատարվեց», սա պարզապես ավարտ չէ, այլ լրիվություն։ Սա այն պահն է, երբ մարդկության պատմությունը ստանում է իր խորագույն իմաստը․ տառապանքը այլևս դատարկ չէ, այլ դառնում է ճանապարհ դեպի վերափոխում։
Խաչի երեւումը մեզ հիշեցնում է, որ Աստված չի հեռու կանգնած մեր ցավերից։ Նա ներսում է դրանց, կիսում է դրանք և փոխակերպում։ Մարդկային տառապանքը, որ թվում է անհաղթահարելի, խաչի լույսի ներքո դառնում է հանդիպման վայր՝ Աստծո հետ։
Այսօր մեզ համար հարցը սա է․ մենք ինչպե՞ս ենք նայում խաչին։ Միայն որպես ցավի նշա՞ն, թե՞ որպես սիրո և հույսի հայտնություն։ Եթե հավատով մոտենանք, ապա կտեսնենք, որ մեր սեփական խաչերը նույնպես կարող են դառնալ հարության սկիզբ։
Խաչը լռությամբ չի խոսում, բայց նրա լռությունը լեցուն է իմաստով։ Եվ այդ լռության մեջ մենք լսում ենք ամենակարևոր պատգամը՝ սերը ավելի զորավոր է, քան մահը»։