կարևոր
1234 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-07 09:49
Քաղաքական

Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ»

Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում այսօր ստեղծվել է բավականին արտառոց և քաղաքական առումով ուշագրավ իրավիճակ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ այսօր՝ ժամը 16։00-ին, իրենք լինելու են Վեհափառի դատական նիստին։ Հայտարարությունն անսպասելի էր հատկապես այն պատճառով, որ այսօր խորհրդարանում շարունակվում է ԱԺ փոխնախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկումը, ապա՝ քվեարկությունը։ Այսինքն՝ ընդդիմադիր խմբակցության համար սկզբունքային առաջնահերթություն է Կաթողիկոսի և մյուս հոգևորականների դատին ներկա լինելը։

Նկատենք, որ արդեն երեք օր է՝ իշխանական պատգամավորները մեկը մյուսի հետևից հարցեր են ուղղում Վարդևանյանին, ելույթներ ունենում նրա թեկնածության վերաբերյալ, և քաղաքական օրակարգում գլխավոր հարցերից մեկը դարձել է՝ արդյո՞ք իշխանությունը կապահովի նրա ընտրությունը առանց ընդդիմության՝ այդպիսով վիժեցնելով ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության գործընթացը։

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց համար այս պահին առաջնահերթ է Վեհափառ Հայրապետի դատական նիստին ներկա լինելը, այլ ոչ թե փոխխոսնակի ընտրությունը, անգամ եթե նա իրենց թեկնածուն է։

Այսպիսով, չի բացառվում, որ երկու օր շարունակվող քննարկներն այսօր ավարտվեն առանց քվեարկության, եթե ընդդիմադիր խմբակցությունների բացակայության պայմաններում ՔՊ-ն չկազմակերպի Արամ Վարդևանյանի թեկնածության քվեարկությանը։

Հիշեցնենք, որ այսօր դատարանի մոտ լինելու և Կաթողիկոսին աջակցելու մասին հայտարարել են՝

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները,
«Հայաստան» խմբակցության պատգամավորները,
տարբեր ընդդիմադիր գործիչներ։

Այս հանգամանքը քաղաքական հետաքրքիր հակասություն է ստեղծում․ այն երկու ընդդիմադիր ուժերը, որոնք խորհրդարանում պետք է մասնակցեին Արամ Վարդևանյանի ընտրության գործընթացին, նույն ժամին պատրաստվում են գտնվել դատարանի շենքի մոտ և չեն ընտրելու իրենց իսկ առաջադրած թեկնածուին»։