|
Փոխարժեքներ
07 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.62 |
| EUR | ⚊ | € 434.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.7679 |
| GBP | ⚊ | £ 498.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.9 |
Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրում է․ «Այսօր՝ Երեքշաբթի, մենք կանգնած ենք մի խորհրդավոր և անսահման խորության առաջ՝ Սուրբ Ավետման տոնի։ Մեր խորհրդածության առանցքում է Ղուկասի Ավետարանի 1.26-38 հատվածը, որտեղ երկնայինն ու երկրայինը հանդիպում են, և մարդկային ազատությունը՝ աստվածային կամքի հետ միահյուսվում։
Ավետումը միայն մի պատմություն չէ Մարիամի մասին․ այն մարդու և Աստծո հարաբերության բարձրագույն դրվագներից մեկն է։ Երբ Գաբրիել հրեշտակը ողջունում է Կույս Մարիամին՝ «Ուրախացի՛ր, շնորհալեցուն», այդ խոսքերը բացահայտում են մի նոր իրականություն․ Աստված այլևս հեռու չէ, այլ մոտ է, ներթափանցում է մարդկային գոյության խորքերը։
Սակայն այս պատմության առանցքային պահը ոչ թե հրեշտակի խոսքն է, այլ Մարիամի պատասխանը․
«Ահա՛ ես Տիրոջ աղախինն եմ, թող ինձ լինի քո խոսքի համաձայն»։
Այս խոսքը մարդկային ազատության բարձրագույն դրսևորումն է։ Մարիամը չի ստիպվում, չի պարտադրվում, այլ ազատորեն է ընդունում աստվածային ծրագիրը։ Եվ հենց այստեղ է Ավետման փիլիսոփայական խորությունը․
Աստված չի խախտում մարդու ազատությունը, այլ սպասում է նրա «այո»-ին։
Մարդկային կյանքում ամենամեծ փոփոխությունները սկսվում են հենց այդ փոքրիկ, բայց ճակատագրական «այո»-ից։ Երբ մարդը համարձակվում է վստահել, բացվել և ընդունել այն, ինչ դեռ ամբողջովին չի հասկանում։
Մարիամի «այո»-ն նաև հավատքի սահմանումն է․ հավատքը ոչ թե միայն գիտելիք է, այլ վստահություն անտեսանելիի հանդեպ։ Նա չգիտեր ապագայի բոլոր մանրամասները, բայց վստահեց Աստծուն։ Եվ այդ վստահությունը դարձավ փրկության պատմության սկիզբ։
Այսօր մեզանից յուրաքանչյուրն էլ իր ներսում լսում է այդ նույն կանչը։ Գուցե ոչ հրեշտակի ձայնով, բայց կյանքի հանգամանքների, ներքին ձայների, խղճի միջոցով։ Հարցն այն է՝ ունե՞նք արդյոք Մարիամի համարձակությունը՝ ասելու.
«Թող լինի»։
Ավետումը մեզ սովորեցնում է, որ Աստված ներխուժում է ոչ թե աղմուկով, այլ լռությամբ։ Եվ միայն նա, ով ունի ներքին լռություն, կարող է լսել այդ կանչը։
Թող այս տոնը մեզ համար դառնա ոչ միայն հիշատակ, այլ ներքին վերափոխման սկիզբ․ որ մենք էլ կարողանանք մեր կյանքի ամենատարբեր իրավիճակներում ասել մեր «այո»-ն Աստծուն, և այդ «այո»-ի մեջ գտնել մեր իսկական ազատությունն ու փրկությունը»։