Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լույս է տեսել Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանի «Շուրիշկանի ավետարանը» գիրքը, որը նվիրված է 1498 թվականին Վասպուրական նահանգի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում Բարսեղ քահանայի ձեռքով գրված եւ նկարազարդված նշանավոր Շուրիշկանի ձեռագիր Ավետարանին: Այն հայտնի է նաեւ «Պապ», «Կարմիր» կամ «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով եւ ստեղծվելու ժամանակներից մինչեւ օրս ունի խնդրակատար-ախտահալածի համբավ։ Մանրամասն նկարագրված է ձեռագիրը, նույնությամբ՝ գրաբար եւ աշխարհաբար տարբերակներով բերված են նրա գրչության ժամանակի եւ հետագայի հիշատակարանները, համառոտ ներկայացված է Ավետարանի անցած ճանապարհը՝ նրա ապրած կյանքը և դարավոր հետաքրքիր կենսագրությունը։
Այն գրված է Ավետարանով հետաքրքրվող բոլոր ընթերցողների՝ թե´ ընդհանրապես հավատացյալների եւ թե´ մեր ձեռագրական մշակույթի պատմության տարաբնույթ հարցերի մասնագետների համար:
Գրքի պաշտամունքը՝ որպես որեւէ առարկա կամ իր պաշտելու երեւույթ, մեր ժողովրդի մեջ ծագել է վաղնջական ժամանակներում, այսինքն՝ հեթանոսական հավատալիքների մի տեսակ վերապրուկ կամ այլափոխություն է, որ քրիստոնեության ընդունումից ի վեր դրսեւորվել է հատկապես նրա ուսմունքի հիմնական գրքի՝ Ավետարանի տարբեր ձեռագիր օրինակներ պաշտելու ձեւով: Սրբի կամ սրբության համբավ ստացած ձեռագիր ավետարաններն ունենում էին նաեւ հատուկ անուններ՝ ի պատիվ իրենց հովանավոր կարգված սրբի, նաեւ՝ պահպանման վայր վանքի, քաղաքի կամ գյուղի անուններով, երբեմն՝ արտաքին հատկանիշների, հատկապես կազմի կամ լուսանցակողերի գույնի եւ այլնի համեմատ:
Այդպիսի համբավ ունի նաեւ այս գրքույկի առարկան կամ նյութը՝ «Պապ», «Կարմիր» կամ «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անունով հայտնի Ավետարանը, որ գրվել է մեր օրերից մոտ 520 տարի առաջ, ապա՝ շուրջ երեքուկես դար պահպանվել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղում եւ դարեր շարունակ նույն Պարսկաստանի ու Հնդկաստանի հայաբնակ վայրերից իր «ոտքն» է բերել հավատացյալ ուխտավորների եւ խնդրամատույց մարդկանց մեծ բազմություններ: 1968-1975 թթ. Փերիայի հայությունը հիմնականում հայրենադարձվեց Հայաստան. այս՝ Փերիայի, Չարմահալի եւ Բուրվարի գավառների գրեթե բոլոր հայկական գյուղերում կային ձեռագիր գրքեր (հեղինակին հայտնի է 140 միավոր), ներգաղթի ընթացքում գյուղերի եկեղեցական խորհուրդները եւ անհատներն իրենց պատկանող եկեղեցական եւ մասնավոր ձեռագրերի մի մասը նվիրեցին Երեւանի Մաշտոցյան Մատենադարանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսարանի եւ Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի մատենադարաններին, ձեռագրերի որոշ մասն էլ շարունակում է մնալ իրենց հին տերերի ժառանգների մոտ, իսկ մի այլ մասի գտնվելու ներկա տեղերն անհայտ են:
1973 թվականին Շուրիշկանի համբավավոր Ավետարանն իր տերերի հետ եկավ Հայաստան եւ գտավ իր վերջնական հանգրվանը՝ մտավ Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրերի շարք եւ ստացավ իր կարգային՝ 10599 համարը: Այդուհետեւ ուխտավորների հոսքը ձգվեց դեպի այստեղ. որեւէ իղձով, որեւէ փափագ-նպատակով Ավետարանին ուխտի էին գալիս սկզբում մեծ մասամբ Երեւանում եւ շրջակա վայրերում բնակություն հաստատած նույն նախկին փերիահայերը, որոնց զգալի մասը վերջին տարիներին արտագաղթել է Եվրոպական երկրներ, ավելի շատ՝ ԱՄՆ եւ Կանադա:
Նրա նկատմամբ ժողովրդի ջերմեռանդ հավատը մեծապես գնահատելով, լուսահոգի Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը 2002 թ. հունվարի վերջին կազմակերպեց մի գեղեցիկ եւ սրտառուչ ուխտագնացություն. Սուրբ Սարգսի տոնի օրը «Պապ» Ավետարանը Մատենադարանից տարվեց Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ վանք-եկեղեցի: Ավանդույթը շարունակվում է մինչև օրս, միայն թե ուխտագնացության օրը փոխվեց՝ լավ համարվեց եւ սահմանվեց Կրկնազատկի՝ Զատկին հաջորդող առաջին կիրակի օրը:
Գրքույկը շարադրված է այնպես, որ բավարարի թե´ սովորական ընթերցող հավատացյալին եւ թե´ մեր ձեռագրական մշակույթի պատմության տարաբնույթ հարցերի մասնագետներին: