կարևոր
718 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-07 10:46
Քաղաքական

Դատապարտում ենք իշխանության հակաօրինական գործողությունները և աջակցում Վեհափառին ու ՀԱՍԵ-ին․ ՀՅԴ Բյուրո

Դատապարտում ենք իշխանության հակաօրինական գործողությունները և աջակցում Վեհափառին ու ՀԱՍԵ-ին․ ՀՅԴ Բյուրո

ՀՅԴ Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով իշխանության գործողությունները, որն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ,

Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, պատմական նախադեպը չունեցող փաստին: Վարչախմբի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծրագրավորված թիրախավորումն ու հալածանքները հատել են բոլոր կարմիր գծերը։ Ապօրինաբար հարուցված քրեական վարույթի շրջանակներում դատական գործընթաց է հարուցվել Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է հայ ժողովրդի հոգևոր, ազգային և մշակութային ինքնության անսասան հենասյունը, որն առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձությունների միջով, պահպանել է մեր Սուրբ հավատքը, ազգային ինքնությունը, լեզուն և դարավոր արժեքները։

Եկեղեցու հեղինակության և նրա հոգևոր առաքելության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները հակասահմանադրական են և հակազգային: Այսպիսով հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը, ոտնահարվում հազարավոր հավատացյալների խղճի ազատության իրավունքն ու հոգևոր արժանապատվությունը, խորանում հանրային պառակտվածությունը, թուլանում մեր ինքնության հիմքերն ու նոր ցնցումների ենթարկվում պետական ու հասարակական կյանքը:

Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներ՝ դատապարտում ենք իշխանությունների որդեգրած հակաօրինական գործողությունները, անսակարկ վստահությամբ վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։

Կոչ ենք անում դատաիրավապահ համակարգին՝ մնալ սահմանադրականության և ՀՀ օրենքների շրջանակներում և չտրվել քաղաքական խարդավանքների պարտադրանքին։ Թեմերի կառավարման և առհասարակ կանոնական իրավունքի ու ներքին ընթացակարգերի հետ կապված հարցերը գտնվում են բացառապես Եկեղեցու իրավասության տիրույթում, և ցանկացած միջամտություն անթույլատրելի է։

Կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ ազգային գիտակցությամբ ու համերաշխության սկզբունքներով առաջնորդվելով, պահպանել ազգային միասնությունը, համախմբվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա հոգևոր առաքելության և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի շուրջ:

07.08.2026»։