կարևոր
4654 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-10 22:58
Հասարակություն

Նաիրի Հոխիկյանին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ

Նաիրի Հոխիկյանին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրվել է առերևույթ հանցանքի մասին հաղորդում և կից նյութեր են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ.Հովհաննսյանը 2023թ․ մարտի 29-ին թիվ ԱՐԴ1/4853/02/21 քաղաքացիական գործով կայացրել է վճիռ, որը դատական իշխանության պաշտոնեական կայքում հրապարակելուց հետո Նաիրի Հոխիկյանը «Facebook» սոցիալական ցանցում գործող իր էջում հրապարակում է կատարել՝ դատավոր Էդ Հովհաննիսյանի նկատմամբ, իր աշխատանքային գործունեության հետ կապված, վիրավորական արտահայտություններով:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նշված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում զննության է ենթարկվել է հայատառ «Նաիրի Հոխիկյան» ֆեյսբուքյան էջը, որի արդյունքում պարզվել է, որ էջի գրառումներ բաժնում, 2023թ մարտի 29-ին` ժամը 16:50-ին, Նարիրի Հոխիկյան օգտատիրոջ կողմից կատարվել է գրառում, որում, անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավոր Էդ․ Հովհաննիսյանի նկատմամբ, կապված նրա պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ՝ վիրավորական արտահայտություն է օգտագործվել դատավորի հասցեին։ Գրառմանը կից առկա են նաև լուսանկարներ։
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ.Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին Ն.Հ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Միջնորդությունը բավարարվել է և Ն․Հ․-ին ներկայացվել է մեղադրանք:

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք` ավելի վաղ Նաիրի Հոխիկյանը հայտնել էր իր հանդեպ կիրառվող քաղաքական հետապնդման մասին։ Հոխիկյանի` այդ առթիվ արված հայտարարությանը կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: