կարևոր
1873 դիտում, 18 ժամ առաջ - 2025-03-11 11:14
Իրավական

Քննիչը սեփական նախաձեռնությամբ ինքնախոստովանական ցուցմունք է վերագրել Նաիրի Հոխիկյանին․ դատարանում արձանագրվել է ապօրինությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ տեղի ունեցած հերթական դատական նիստի ժամանակ պարզվել է, որ հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանին վերագրվել է ինքնախոստովանական ցուցմունք այն դեպքում, երբ Հոխիկյանը երբևէ չի ընդունել իր մեղքը և չի տվել որևէ ցուցմունք։ 

Մեղադրող դատախազ Էդգար Բաբայանը արձագանքել է, որ չնայած Հոխիկյանը չի ընդունել իրեն վերագրվող մեղադրանքը, բայց դա քննիչն այլ կերպ է ընկալել։ 

Հիշեցնենք, որ 2023թ․ մայիս ամսից Նաիրի Հոխիկյանը հետապնդվում է դատավոր Էդգար Հովհաննիսյանի նկատմամբ անհարգալից արտահայտություն անելու մեղադրանքով։ 

2023-ի մարտի 29-ին մինչև դատական վճռի հրապարակվելը ԲԴԽ պաշտոնական էջում հայտարարվել էր Հոխիկյանի դեմ կայացված վճռի մասին, ինչը Նաիրի Հոխիկյանին հիմք էր տվել եզրակացնելու, որ դատավոր Էդգար Հովհաննիսյանը կատարում է իշխանության պատվերը։ 

ԲԴԽ այն ժամանակվա ղեկավար Կարեն Անդրեասյանի հայտարարության հիման վրա Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել, որի դատաքննությունը արդեն երկու տարի շարունակ ձգձգվում է հանրային մեղադրող դատախազի բացակայությունների պատճառով։ Արմավիրի մարզային դատախազի տեղակալ Էդգար Բաբայանը նախորդ նիստին ուղարկել էր բժշկական տեղեկանք, որում որևէ հիվանդության մասին տեղեկություն չկար, իսկ բժշկի ցուցումներ բաժնում նշված էր, որ հիվանդին անհրաժեշտ է առողջ ապրելակերպ։ 

Նաիրի Հոխիկյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը դատարանին խնդրեց պարզաբանում պահանջել հանրային մեղադրող դատախազից՝ կասկածելի փաստաթղթերի համար։ 

Դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը դժգոհություն հայտնեց, որ միջնորդություններ են ներկայացվում Հոխիկյանի խափանման միջոց բացակայելու արգելքը հանելու վերաբերյալ՝ նշելով, թե դատախազությունը դեռևս 2024-ին արտահայտել է իր բացասական դիրքորոշումը և անհրաժեշտություն չի համարում հերթական անգամ կրկնել այն։ Հիշեցնենք, որ դատախազն ի սկզբանե հայտարարել էր, թե առարկություն չունի, իսկ հետո նշել, թե առարկում է՝ այդպես էլ չպարզաբանելով առարկության պատճառը։ Միաժամանակ դատախազ Էդգար Բաբայանն ասաց, որ պաշտպանական կողմը իրավունք չունի միջնորդություն ներկայացնել Հոխիկյանի խափանման միջոցը հանելու համար, ինչին դատավոր Գաբրիելյանը արձագանքեց, որ որևէ մեկը չի կարող կողմերին զրկել իրենց դատավարական իրավունքներից։ 

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 11-ին, ժամը 15։00-ին, Արշակունյաց պող., 24/1 հասցեում։ Նիստին ներկա են լինելու ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ անձնական երաշխավորություն ներկայացնելու Նաիրի Հոխիկյանի համար։