Միասին կարող ենք
կարևոր
697 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-09 10:17
Հասարակություն

Ադրբեջանական իշխանությունների գործողությունները վաղուց արդեն անցել են առանձին վանդալիզմի կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած վնասների սահմանները․ հայտարարություն

Ադրբեջանական իշխանությունների գործողությունները վաղուց արդեն անցել են առանձին վանդալիզմի կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած վնասների սահմանները․ հայտարարություն

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի, «Արցախի մշակութային և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Կաճառ» գիտական կենտրոն ՀԿ-ի և «Ազգային» պատմամշակութային ՀԿ-ի համատեղ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Ադրբեջանական իշխանությունների գործողությունները վաղուց արդեն անցել են առանձին վանդալիզմի կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած վնասների սահմանները։ Դրանք վերածվել են ամբողջական ռազմավարության, որի առանցքային նպատակը հայկական քաղաքակրթական ներկայության լիակատար ջնջումն է Արցախում։ Այս քաղաքականությունը ներառում է եկեղեցիների և վանքերի պղծում և ապամոնտաժում, խաչքարերի և գերեզմանոցների ոչնչացում, պատմական հուշարձանների, ամբոջական բնակավայրերի և բնակելի թաղամասերի, միտումնավոր ավերում, ինչպես նաև մշակութային ժառանգության կեղծում՝ «աղվանականացում» «ուղափառացում», «իսլամացում»:

Հատկանշական է, որ մշակութային արժեքների ոչնչացումը ուղեկցվում է պատմության համակարգված խեղաթյուրմամբ, փաստերի կեղծմամբ և միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով իրականացվող քարոզչությամբ։ Սա ոչ միայն մշակութային, այլև գաղափարական պատերազմ է, որի նպատակն է ջնջել հայկական ինքնության հետքերը և վերաշարադրել տարածաշրջանի պատմությունը։

Մենք հստակ արձանագրում ենք, որ Արցախի տարածքում իրականացվող այս քաղաքականությունը պետք է որակվի որպես 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկը, որը ուղղված է ոչ միայն նյութական ժառանգության, այլև ամբողջ ժողովրդի պատմական հիշողության և ինքնության ոչնչացմանը։

Ադրբեջանի այս գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաները, ինչպես նաև մարդկության համընդհանուր արժեքների պահպանման սկզբունքները։ Լռությունն ու անգործությունը նման պայմաններում դառնում են հանցակցության ձև։

Մենք խստորեն պահանջում ենք՝

- միջազգային կազմակերպություններից՝ անհապաղ և անկախ փաստահավաք առաքելությունների իրականացում Արցախի տարածքներում,

- ՅՈՒՆԵՍԿՕ-ից և այլ մասնագիտացված կառույցներից՝ հստակ և հասցեական արձագանք,

- պետություններից և միջազգային կառույցներից՝ քաղաքական և իրավական մեխանիզմների կիրառում Ադրբեջանի նկատմամբ՝ մշակութային ցեղասպանությունը կանխելու և պատասխանատվություն սահմանելու նպատակով,

- ՀՀ իշխանություններից՝ բոլոր միջազգային հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության մասին, ապահովել հարցի պատշաճ ներկայացումը միջազգային կազմակերպություններում և քաղաքական օրակարգերում, ինչպես նաև ձեռնարկել գործուն և համակարգված քայլեր՝ Արցախի քաղաքակրթական ժառանգության պահպանման, պաշտպանության և միջազգային իրավական մեխանիզմներով դրա պաշտպանությունը ապահովելու ուղղությամբ։

Մենք նաև ընդգծում ենք, որ մշակութային ժառանգության ոչնչացումը հանդիսանում է ոչ միայն անցյալի ժխտում, այլև ապագայի դեմ ուղղված հանցագործություն։ Այն նպատակ ունի զրկել սերունդներին իրենց պատմական արմատներից և խաթարել ժողովուրդների միջև փոխըմբռնման և խաղաղ գոյակցության հնարավորությունները։

Այս համատեքստում միջազգային հանրության ցանկացած հապաղում կամ ձևական արձագանք խրախուսում է նման հանցագործությունների շարունակականությունը։ Մշակութային ցեղասպանությունը չի կարող դիտարկվել որպես երկրորդական կամ տեղային խնդիր. այն գլոբալ սպառնալիք է քաղաքակրթական ժառանգության պահպանությանը։

Արցախի մշակութային ժառանգությունը համամարդկային արժեք է, և դրա ոչնչացումը հարված է ողջ մարդկությանը։

Մենք կոչ ենք անում համախմբվել՝ կանխելու այս աղետալի գործընթացը և ապահովելու պատմական արդարության վերականգնումը։

Հ․Գ․ Լուսանկարում պատկերված է Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Շուշի քաղաքում գտնվող Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ), որը 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում հիմնահատակ ավերվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Նշված գործողությունը գնահատվում է որպես ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի որոշման կոպիտ խախտում»։