Միասին կարող ենք
կարևոր
694 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-21 17:38
Քաղաքական

Վախենում են խոսել այս մասին

Վախենում են խոսել այս մասին

«Ishkhanutyun.am»-ը գրում է․ «Ադրբեջանցիները ե՞րբ են դուրս գալու ՀՀ սուվերեն տարածքներից՝ Ջերմուկից, Գեղարքունիքի մարզից, Սյունիքից․ «Իշխանություն» լրատվականը հետաքրքրվեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանից։ Ի պատասխան՝ ՔՊ-ական նախարարը նշեց, որ ինքը չէ այն մարդը, ով պետք է այդ հարցին պատասխանի։ Այդուհանդերձ, նա հիշեցրեց, որ այդ հարցը լուծվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացով։

«Ինձ հարցեր տվեք իմ նախարարության համակարգման տիրույթում, որպեսզի իմ պատասխանները լինեն հստակ»,- ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ ինքը տարածքային կառավարման նախարարն է, և ՀՀ տարածքների վերաբերյալ հարցերը հենց իրեն են վերաբերում, բացի այդ՝ լինելով ՔՊ-ական նախարար, նա ևս կիսում է քաղաքական պատասխանատվություն, Խուդաթյանը համաձայնեց․ «Այո, կիսում եմ քաղաքական պատասխանատվություն, սակայն սահմանազատման գործընթացը իմ նախարարության համակարգման տիրույթում չէ»։

Փաստացի, Դավիթ Խուդաթյանը անհեթեթ պատճառաբանություններով փորձեց խուսափել սահմանազատմանը վերաբերող հարցերից, և դա ունի իր պատճառները։ Մենք գրել էինք, որ սահմանազատման գործընթացը փաստացի տևական ժամանակ է կանգ է առել։ Այն բանից հետո, երբ Ալիևը Տավուշի մարզում իր ուզածը ստացավ, գործընթացը կանգ առավ։ Պատճառը շատ պարզ է․ եթե հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանազատում իրականացվի, ապա Բաքուն պարտավոր է դուրս գալ ՀՀ սուվերեն տարածքներից՝ Ջերմուկից, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից։

Մենք նաև գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում բազմիցս ասում էր, թե սահմանազատումը կօգնի հստակեցնել սահմանները և լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով։ Սակայն այսօր այդ գործընթացի մասին գրեթե չի խոսվում։ Դա ունի իր պատճառները․ համապետական ընտրությունների նախաշեմին սահմանազատման գործընթացը շարունակելը առնվազն Նիկոլ Փաշինյանի շահերից չի բխում։ Թեման միտումնավոր չի բարձրաձայնվում, քանի որ այն կարող է առաջացնել անհարմար հարցեր, օրինակ՝ ինչո՞ւ ՀՀ սուվերեն տարածքները նրա «կիրթ և կառուցողական» գործընկեր Ալիևը հետ չի վերադարձնում։ Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության թեման ՔՊ-ական իշխանության ամենախոցելի կողմերից մեկն է, քանի որ վկայում է մի պարզ ճշմարտության մասին՝ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը այդքան ուժ և կարողություն չունեն, որ լուծեն մեր երկրի և ժողովրդի համար այդքան կարևոր անվտանգային հարցերը»։