Միասին կարող ենք
կարևոր
700 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-20 21:32
Աշխարհ Արցախ

Նամակներ են հանձնվել ՄԱԿ-ի բարձրաստիճան անձանց

Նամակներ են հանձնվել ՄԱԿ-ի բարձրաստիճան անձանց

Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կյանքի կոչված Արցախի Ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ  Մարիո Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների, փախստականների հարցերով ինչպես նաև այլ պատասխանատու բարձրաստիճան անձանց հետ։

Հանդիպումների  քննարկման նյութ է դարձել  Մ․ Նալբանդյանի կողմից բարձրացված հարցերը Արցախի ժողովրդի իրավունքների, հատկապես հավաքական վերադարձի, Ադրբեջանում պահվող հայազգի գերիների ազատ արձակման, մշակութային ժառանգության պաշտպանության և Հայաստանի Հանրապետությունում ապաստան գտած ժողովրդի խնդիրների մասին։

Մ․ Նալբանդյանը բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի  նամակները և Արցախի համայնքների ղեկավարների կողմից ստորագրված հավաքական նամակ-դիմումները։

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրաստիճան պաշտոնյանին  ներկայացված նամակում հատկապես նշվում է. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի համար բացարձակ առաջնահերթությունը մեր նախնիների հայրենիք հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձն է։ Մեր կապը մեր տների, մեր սրբավայրերի և մեր նախնիների գերեզմանների հետ անսակարկելի մարդու իրավունք է։ Տարածաշրջանում տևական խաղաղություն հնարավոր չէ ապահովել էթնիկ զտման լեգիտիմացման միջոցով․ դրա համար անհրաժեշտ է բնիկ բնակչության իրավունքների վերականգնում՝ հուսալի միջազգային անվտանգության երաշխիքների ներքո»։

Արցախի համայնքների ավելի քան 60 ղեկավարների՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձրաստիճան պատասխանատուին ուղղված դիմում-նամակում ընդգծվել է հետևյալ առաջնահերթությունների անհրաժեշտությունը. ապահովել մարդասիրական և սոցիալական աջակցություն սոցիալական և բնակարանային ծրագրերին, պարտավորեցնել միջազգային կառույցներին ու ՀՀ իշխանություններին ներկայացնել թափանցիկ հաշվետվություն տրամադրված օժանդակության արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Արցախում հայկական բնակավայրերի ոչնչացումը և երաշխավորելու անվտանգ ու արժանապատիվ վերադարձ։ Բոլոր բարձրաստիճան պատասխանատուներին հղված նամակներում շեշտվել է անմիջական փոխհամագործակցության նպատակով ճշտել պատասխանատու մարմին կամ ներկայացուցիչ՝ մոտիկից ծանոթանալու համար Արցախի ժողովրդի խնդիրներին և դժվարություններին։