Միասին կարող ենք
կարևոր
898 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-05 09:36
Իրավական

Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեում առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հովհաննես Թամամյանին և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետին ՀՀ քննչական կոմիտե են կանչել և առերեսում կազմակերպել։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ում ցուցմունքի հիման վրա են ձերբակալել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանին։

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Թամամյանի դեմ ցուցմունք է տվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը։

Փետրվարի 25-ին Քննչականի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․ Թ․-ն 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան, առանց հիմնավորման, հանձնարարել է ոստիկանության ծառայողներին բռնություն գործադրել Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակից Է․ Ա․-ի նկատմամբ և նրան տեղափոխել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։

Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության ծառայողները, կատարելով ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս գործողություն, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Է․ Ա․-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։

Ձեռք բերված տվյալների հիման վրա Հ․ Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։ 2026 թվականի փետրվարի 25-ին նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։ Նախաքննությունը օրերս ավարտվել է, և գործը ուղարկվել է դատարան»։