|
Փոխարժեքներ
04 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
Բեյրութում ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Հայկական կառույցներ նույնպես չեն տուժել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Բեյրութի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը։
«Իսրայելը շարունակում է թիրախային հարվածներ իրականացնել տարբեր ուղղություններով՝ ոչ միայն հարավային շրջանում, այլև Բեյրութի հարավային արվարձաններում։ Այսօր անգամ թիրախավորել էին քրիստոնեական թաղամասում գործող հյուրանոցը։ Արդեն հայնտարարվել է, որ ընդհանուր առմամբ 50 զոհ և բազմաթիվ վիրավորներ կան։ Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների բնակիչներին կոչ է արել հեռանալ, որովհետև ներխուժման գործողությունների ծրագիր կա։ Իրավիճակը բարդ և մտահոգիչ է, նաև անկանխատեսելի»,–նշեց Գանտահարյանը։
Հարցին՝ ինչպիսի՞ն է իրավիճակը հայ համայնքում, արդո՞ք կան հայեր, որոնք ցանկանում են լքել երկիրը, «Ազդակ» թերթի խմբագիրը պատասխանեց․
«Խուճապ չկա, բայց անորոշություն է տիրում։ Հայերն էլ, ինչպես Լիբանանում ապրող բոլորն այս պահին մնտահոգված են, բայց երկիրը լքելու մասին քննարկումներ չկան։ Դպրոցներն ու համալսարաններն այս օրերին փակ են, որովհետև փախստականներին տեղավորում են դպրոցներում։ Օտար ավիաընկերությունները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները, լիբանանյան ավիաընկերություններն աշխատում են սահմանափակ ուղղություններով։ Խանութները բաց են, բայց շուկան նորմալ չի աշխատում։ Չէի ասի, թե փողոցներն ամային են, բայց նախկին անցուդարձը չկա։ Դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադոարձությունները»։
Շահան Գանտահարյանը նշեց, որ հայկական թաղամասերում թե՛ գիշերը, թե՛ ցերեկային ժամերին հաճախ լսելի են պայթյունների ձայներ, քանի որ թիրախավորվող օբյեկտներն այնքան էլ հեռու չեն հայկական թաղամասերից։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածնել հասցնել Իրանին։
Իսրայելը միաժամանակ հարվածներ է հասցնում Լիբանանին՝ իր հավաստմամբ՝ միմիայն «Հզբոլլահի» դեմ պայքարի շրջանակում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Իսրայելի բանակը ցամաքային ճանապարհով մտել է հարավային Լիբանան։