կարևոր
1006 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-12 17:57
Իրավական

Վարդան Ղուկասյանին հարկադրաբար դատարան կներկայացնեն

Վարդան Ղուկասյանին հարկադրաբար դատարան կներկայացնեն

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հարկադրաբար դատարան կներկայացնեն։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր  Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, որոշեց դատական սանկցիա կիրառել Ղուկասյանի նկատմամբ՝ հարկադրաբար դատական նիստին ներկայացնելու վերաբերյալ՝ բավարարելով հանրային մեղադրողների միջնորդությունը։ Գրում է Փաստինֆոն։

Այսօրվա նիստին Վարդան Ղուկասյանը չէր ներկայացել, դատարան դիմում  էր ներկայացրել՝ խնդրելով իր բացակայությունը ճանաչել հարգելի և հայտնելով, որ տևական ժամանակ է, ինչ բողոքում է կրծքավանդակի և երիկամների ցավից, չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն, հնարավորությունները չեն բավարարում, որ ներկայանա նիստին, իսկ ընդունված դեղորայքն առաջացնում է անհանգստություն, լարվածություն, շաքարի պարունակությունն արձանագրվել է 14 նիշ։ Հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը հայտարարեց, թե մեղադրյալը չի կատարում իր վրա դրված պարտականությունները, նրա հայտարարությունից բացի որևէ այլ տվյալ՝ բժշկական փաստաթուղթ առկա չէ։ Մեղադրող Գորիկ Հովակիմյանը միայն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը ևս չի ներկայացել նիստին։

Պաշտպաններից Արամայիս Հայրապետյանը նախ նկատեց, որ մյուս պաշտպանները ներկա են, բացի այդ, պաշտպանը փաստեց, որ Ղուկասյանի առողջական խնդիրները հայտնի փաստ է։ Վահե Միսակյանն էլ ընդգծեց, որ Ղուկասյանի նկատմամբ կիրառված է ամենածանր հարկադրանքի միջոցը, դրանից այն կողմ ինչ պետք է կիրառվի՝ դատարան ներկայացնելու համար՝ պարզ չէ։ Միսակյանի դիտարկմամբ՝ Ղուկասյանի առողջական խնդիրները նաև փորձաքննությամբ են արձանագրված, անձը բարձրացնում է առողջական վիճակի վերաբերյալ հարցեր, ինչը դատական նիստին ներկա լինելու հետ անհամատեղելի է։  Ղուկասյանը հասկանում է, որ նիստերից բացակայելը հօգուտ իրեն չեն։  Այդուհանդերձ, դատարանը որոշեց հարկադրաբար դատարան ներկայացնել Ղուկասյանին։