կարևոր
595 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-26 14:02
Աշխարհ

Տարածքային հարցը «Անքորիջի բանաձևի» մաս է կազմում և շատ կարևոր է ՌԴ-ի համար. Պեսկով

Տարածքային հարցը «Անքորիջի բանաձևի» մաս է կազմում և շատ կարևոր է ՌԴ-ի համար. Պեսկով

Տարածքային հարցը ռուս-ուկրաինական կարգավորման «աքորիջյան բանաձևի» մաս է կազմում և սկզբունքային նշանակություն ունի ՌԴ-ի համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, և սա մեր հետևողական դիրքորոշումն է, մեր նախագահի դիրքորոշումը, որ տարածքային հարցը, որը «Անքորիջի բանաձևի» մաս է կազմում, իհարկե, սկզբունքային նշանակություն ունի ռուսական կողմի համար», - հայտարարել է Պեսկովը։

Խոսելով Աբու Դաբիում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ հունվարի 23-24-ին ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա առաջին եռակողմ ձևաչափով բանակցությունների արդյունքների մասին՝ Պեսկովը նշել է, որ այժմ աշխատանք է տարվում փորձագիտական ​​մակարդակով։

«Նախագահը մշտապես ուղիղ զեկույցներ է ստանում մեր բանակցորդներից, տեսնենք, թե հետագայում ինչպես կզարգանա իրադրությունը», - ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ սխալ կլիներ «առաջին շփումներից բարձր արդյունավետություն» ակնկալել։

«Սա շատ բարդ սուբստանցիա է, բարդ հարցեր են օրակարգում։ Սակայն այն փաստը, որ կառուցողական ոգով այդ շփումները սկսվել են, պետք է դրական գնահատել։ Սակայն առջևում դեռ լուրջ աշխատանք կա», - ընդգծել է Պեսկովը։

Ռուսական կողմը բազմիցս հայտնել է, այսպես կոչված «Անքորիջի բանաձևի» մասին, սակայն չի հայտնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ 2025 թ. օգոստոսին Ալյասկայի Անքորիջ քաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել էին ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման պայմանները։ Մինչ այդ Պուտինը մարտական ​​գործողությունները դադարեցնելու համար պահանջել էր, որ Կիևը դուրս բերի իր զորքերը Դոնբասի այն մասերից, որոնք Ռուսաստանի վերահսկողության տակ չեն գտնվում։ Ուկրաինան մերժել էր այս պահանջը։