կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-10 15:31
Քաղաքական

Մաս-մաս զիջում ենք պետության կարևոր ռազմավարական օբյեկտները. ''Ազատ դեմոկրատներ''

Մաս-մաս զիջում ենք պետության կարևոր ռազմավարական օբյեկտները. ''Ազատ դեմոկրատներ''

 

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ընթանում են բանակցություններ «Գազպրոմի» ղեկավարության և ՀՀ էներգետիկայի նախարարության միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում  «Գազպրոմի» բաժնեմասը 100 տոկոսի հասցնելու հնարավորության վերաբերյալ` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը համարում է, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է հետ կանգնել ՀՀ–ի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող այդ  ռեսուրսի վաճառքից, թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ, զրկվելով բաժնեմասից,  ՀՀ–ն նաև զրկվում է «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի հետագա վաճառքի ժամանակ նախապատվության իրավունքից` համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8.3 հոդվածի։

 

«Բաժնեմաս ունենալու իրավունքը հայկական կողմին հնարավորություն է ընձեռում կանխել ընկերության բաժնետոմսերի վաճառքը ՀՀ-ի համար անցանկալի գնորդին: 

 

Մենք համոզված ենք, որ այդ գործարքը ընդամենը կարճաժամկետ խնդիրներ է լուծելու և վտանգից բացի, որևէ նպաստ չի բերելու ՀՀ–ին, ավելին` այս կերպ մենք մաս–մաս զիջում ենք մեր պետության կարևոր ռազմավարական օբյեկտները։

 

Թեև այսօր ՀՀ կառավարության կողմից փորձ է արվում այս բանակցությունները ներկայացնել որպես զուտ տնտեսական գործարք, սակայն ակնհայտ է, որ դա հարցը քողարկելու նպատակ ունի, և այստեղ ավելի շատ վտանգվում է ՀՀ` առանց այն էլ խնդրահարույց էներգետիկ անվտանգությունը։


«Ազատ դեմոկրատները» համոզված են, որ պետք է օր առաջ հրաժարվել  պետությանը որևէ օգուտ չբերող բանակցություններից և տնտեսական խնդիրները լուծելու համար այլ ուղիներ փնտրել»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: