կարևոր
1888 դիտում, 18 ժամ առաջ - 2026-01-04 11:29
Աշխարհ

2002 թ.` Ու. Չավեսը, այսօր` Ն. Մադուրոն. ԱՄՆ֊ի կրկնվող վարքագիծը` միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ

2002 թ.` Ու. Չավեսը, այսօր` Ն. Մադուրոն. ԱՄՆ֊ի կրկնվող վարքագիծը`  միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ

Դեկտեմբերի 3-ի առավոտյան աշխարհի լրատվականների թեժ գծում հայտնվեց ԱՄՆ ուժերի կողմից Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգման մասին լուրը։

Տեղի ունեցածը վերջին տարիներին գործող նախագահների նկատմամբ ԱՄՆ-ի ուղղակի միջամտության ամենաաննախադեպ դեպքերից մեկն է։ Մադուրոն ունենալով Վենեսուելայի Սահմանադրության և այդ երկրի ժողովրդի կողմից տրված լեգիտիմություն, համարվում է օրինական նախագահ։ Սակայն ԱՄՆ-ը վերջին ամիսներին՝ թմրամիջոցների դեմ պայքարի պատրվակով, իսկ իրականում՝ այդ երկրի նավթի և բնական պաշարների նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, բազմիցս խախտել է Վենեսուելայի օդային և ծովային տարածքները և այսօր օդային հարձակման ու որոշ շրջանների ռմբակոծման միջոցով առևանգել է այդ երկրի նախագահին։

Ժամանակակից պատմությունը ցույց է տալիս, որ Մադուրոյի առևանգումը եզակի երևույթ չէ և ԱՄՆ-ն նման գործողությունների հարուստ փորձ ունի։

Վենեսուելայում, ի դեպ, սա նման առաջին փորձը չէ։ 2002 թվականին այդ երկրի ընտրված նախագահ Ուգո Չավեսը ռազմական հեղաշրջման ընթացքում առևանգվեց և մի քանի ժամով հեռացվեց իշխանությունից։ Զեկույցներն ու փաստաթղթերը ցույց էին տալիս, որ ԱՄՆ-ը քաղաքական և մեդիա աջակցություն էր ցուցաբերել հեղաշրջման կազմակերպիչներին։ Սակայն ժողովրդի ակտիվ մասնակցության շնորհիվ հեղաշրջումը ձախողվեց, և Չավեսը վերադարձավ իշխանության, թեև օրինական նախագահի ձերբակալման փաստը մնաց Վենեսուելայի քաղաքական հիշողության մեջ։

Պետությունների հավասար ինքնիշխանության սկզբունքը և ուժի կիրառման արգելքը ցանկացած ռազմական հարձակում, անկախ երկրի պաշտոնատար անձանց ձերբակալում կամ առևանգում՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության, գնահատվում են որպես անօրինական գործողություն։ Սակայն ԱՄՆ կառավարությունը բազմիցս ցույց է տվել, որ երբ քաղաքական և անվտանգային շահերն այդպես են պահանջում, նա պատրաստ է ոտնահարել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, նույնիսկ եթե խոսքը վերաբերում է այնպիսի հազվադեպ ու ծայրահեղ քայլի, ինչպիսին է գործող նախագահի առևանգումը։

Արամ Շահնազարյան

Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղաքագետ