Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային գաղափարի որոնումը հետկոմունիստական Հայաստանում շարունակվում է ավելի քան 30 տարի և մինչ այժմ՝ առանց նկատելի արդյունքների: Արդյո՞ք ժամանակակից Հայաստանին հարկավոր է ազգային գաղափար։ Եթե՝ այո, ապա ի՞նչ արժեքներ, սկզբունքներ, իդեալներ կարող են դրվել դրա հիմքում։
Թվում է, թե ազգային գաղափարը մեր երկրին, այնուամենայնիվ, պետք է։ Ազգային գաղափարը նպաստում է ազգի ինքնավստահության, սեփական արժանապատվության և պատմական լավատեսության առաջացմանը։ Ազգային գաղափարը կարող է նաև վճռական դեր ունենալ հասարակության կողմից ազգային ինքնություն ձեռք բերելու գործընթացում`ծառայելով որպես դրա կարևորագույն տարր: Այն ի վիճակի է հաղթահարել արժեքային բաժանումները հայաստանյան հասարակության մեջ՝ օգնելով այն համախմբելուն: Վերջապես, ազգային գաղափարը կարող է դրական ազդեցություն ունենալ մեր երկրի իմիջի վրա արտասահմանում (հայտնի է՝ ով իրեն չի հարգում, նրան չեն հարգի նաև մյուսները)։
Ի՞նչ է իրենից ներկայացնում ազգային գաղափարը։ Ազգային ինքնագիտակցության առանձնահատուկ բարձրագույն ձև է ազգային գաղափարը, որն աշխարհայացքային հիմք է ազգի, ազգային մշակույթի և ազգային պետության գոյության համար ։
Իսպանացի փիլիսոփա Խոսե Օրտեգա ի Գասետի տեսանկյունից՝ սա «համատեղ կյանքի նախագիծ է», որը նպաստում է տվյալ համայնքի համախմբմանը եւ պարունակում է պատկերացում համաշխարհային ամբողջության կազմում նրա տեղի եւ դերի մասին: Ակնհայտ է, որ ազգային գաղափարը պետք է պարունակի ֆունդամենտալ հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են սոցիումի գոյության հիմքերին. որտեղի՞ց եկանք, ո՞ւր ենք գնում, ո՞րն է Հայաստանի քաղաքակրթական առաքելությունը, ի՞նչ ներդրում է արել մեր երկիրը և կարո՞ղ է անել համամարդկային առաջընթացի մեջ։
Գլոբալիզացիայի դարաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակն ապացուցում է ազգային գաղափարախոսության գոյության անհրաժեշտությունը և այն որոշիչ գործոն դարձնում պետության կայացման ու զարգացման գործում։
Գաղափարական ճգնաժամից դուրս գալու գործընթացը, նախևառաջ, աշխարհայացքային ճգնաժամից երկրի դուրս գալն է։ Ուստի այն պահանջում է ազգի նոր բարոյական վերաիմաստավորում և հոգևոր վերածնունդ, որն իրականացվում է հավատքի, բանականության և ավանդույթների միջոցով։ Այն մեծ ջանքեր է պահանջում, առաջին հերթին՝ ազգային էլիտայի ներկայացուցիչներից, որոնք կարողանում են ոչ միայն գիտակցել արդի իրողություններն ու մարտահրավերները, այլև ազդեցություն ունենալ պետական աշխարհայացքի ձևավորման գործընթացների վրա։ Բոլոր ժամանակներում իրական իշխանությունը ոչ թե նրանցն է եղել, ովքեր բարձրագույն, միջին կամ ցածր մակարդակով հրամաններ են տալիս կամ ղեկավարում, այլ նրանցը, ովքեր գաղափարախոսություն են ձևավորում, ովքեր զանգվածների ինքնագիտակցությունը դարձնում են պետական աշխարհայացք։ Այդ իսկ պատճառով ազգին ենթարկեցնելու, ինքնուրույնությունից զրկելու համար սկզբում զրկում են նրան ուղեղից, այսինքն՝ ոչնչացնում են նրա լավագույն ներկայացուցիչներին՝ միաժամանակ բարոյական հեղինակությունների փոխարեն հասարակության մեջ սերմանելով միայն նյութականը։ Ժամանակակից աշխարհում ազգային-պետական կազմավորումների միջեւ գլխավոր «ճակատի գիծն» անցնում է ոչ թե պետական սահմաններով, այլ մարդկանց մտքերով ու սրտերով։ Եվ այս կամ այն պետության իրական սահմանն ընդլայնվում կամ նվազում է այնքանով, որքանով տարածված է նրա ազգային գաղափարախոսությունը։ Ցանկացած պետության ուժը նրա ազգային գաղափարախոսության մեջ է։ Գաղափարախոսությունը ինչպես ընդհանուր հասարակական կյանքի, այնպես էլ, մասնավորապես, ցանկացած քաղաքական գործընթացի կարևորագույն բաղադրիչներից է։ Առանց գաղափարախոսության քաղաքական արարքներն իմաստ չունեն, և ոչ մի հասարակական-քաղաքական շարժում կամ քաղաքական կուսակցություն իրապես չի կարող գոյություն ունենալ։ Հենց գաղափարները, վերածվելով մարդու համոզմունքների համակարգի, դառնում են նյութական ուժ, մարդկանց ուղղորդում են այնպիսի գործողությունների, որոնք ուղղված են ինչպես նրանց կենսապայմանների բարելավմանը, այնպես էլ ամբողջ հասարակության զարգացմանը։ Գաղափարախոսությունը ցանկացած քաղաքացու համար հանդես է գալիս ոչ միայն որպես հասարակական հարաբերությունների, տեսակետների համակարգ, այլեւ որպես ազգային համակարգում քաղաքացու՝ իր տեղը որոշելու գործընթաց: Ուստի վնասակար և վտանգավոր են ցանկացած ազգի և պետության համար դրսից օտար գաղափարախոսությունների և ուսմունքների ներդրման բոլոր ձգտումներն ու արարքները, որոնք բացառում են ժողովրդի ինքնատիպությունը, նրա հիմնական արժեքներն ու ավանդույթները, որոնք խոչընդոտում են ազգի ձևավորման գործընթացին։ Անհնար է առանձնացնել ազգին իր ինքնագիտակցությունից և նույնականացումից։ Ավելի ճիշտ՝ ինչպիսին է ազգի ինքնագիտակցությունը. այդպիսին է նաև ինքը՝ ազգը։ Այլ կերպ ասած՝ ազգի ձևավորումը հնարավոր է դառնում ազգային գիտակցության զարգացման շնորհիվ։ Ազգային գաղափարախոսությունը պետության զարգացման ամենակարևոր գործոնն է, քանի որ այն միավորում է հոգևոր, աշխարհայացքային, բարոյական և այլ արժեքներն ու ավանդույթները։ Ուստի պետության գաղափարախոսական դոկտրինի հիմքում պետք է ընկած լինի ազգային-պետական ինքնությունը, որն այդպիսով կարող է ապահովել երկրի պատմական զարգացման շարունակականությունը։ Գլխավորն այն է, որ ազգային գաղափարախոսությունը պետք է գոյություն ունենա պետության և հասարակության մեջ և համապատասխանի դրա հիմնական արժեքներին ու ավանդույթներին։
Այսպիսով, սեփական ազգային գաղափարախոսության բացակայությունը, իմ կարծիքով, մեր պետության գլխավոր խնդիրներից է։ Այնքան գլխավոր է, որ սկսում է սպառնալ երկրի անկախությանն ու ամբողջականությանը։ Քանզի պետության սահմանների վերաձևումը հնարավոր է միայն այնտեղ, որտեղ կան լուրջ ներքին խժդժություններ ու հակասություններ, և չկա հասարակության ներքին գաղափարական ամբողջականություն։ Եվ առավել ևս, երբ այն գաղափարապես կառավարվում է դրսից։
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ