կարևոր
11896 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-21 16:50
Իրավական Քաղաքական

Մուրադ Փափազյանի՝ ՀՀ մուտքի արգելքը կապված է նրա հայրենասիրական գաղափարախոսության հետ․ փաստաբան

Վարչական դատարանում, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մեկնարկեց Մուրադ Փափազյանին անցանկալի անձանց ցուցակում ներառելու մասին ԱԱԾ որոշումը վիճարկելու հարցով գործի քննությունը։

Հիշեցնենք, որ Մուրադ Փափազյանը ընտանիքի հետ 2022թ հուլիսի 14-ին ժամանել է ՀՀ, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետում իրավասու աշխատակիցները նրանց թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ՝ միայն պատճառաբանելով, թե ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում։ Մուրադ Փափազյանն այժմ դատական կարգով պահանջում է պարտավորեցնել ԱԱԾ-ին հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից Փափազյանի տվյալները։

Դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, Մուրադ Փափազյանի շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը դրական համարեց այն, որ դատարանը, համապատասխան որոշմամբ, հնարավորություն տվեց Մուրադ Փափազյանին տեսակապով միանալ դատական նիստին։ Հարցին, թե՝ այնուամենայնիվ հնարավո՞ր էր ապահովվել Մուրադ Փափազյանի ֆիզիկական ներկայությունը դատական նիստին, փաստաբանն ասաց․« Հնարավոր է ներկայությունն ապահովել, բայց քանի որ Մուրադ Փափազյանի մուտքն արգելվել է և նա ոչ ցանկալի անձանց բանկ է մուտքագրվել, այսպես կոչված, անվտանգային նկատառումներից ելնելով , և քանի դեռ այդ որոշումը վիճարկված, բեկանված ու փոփոխված չէ դատարանը հենվում է այդ որոշման վրա, վստահում է այդ ակտին և մինչև դատական ակտի կայացումը զերծ է մնում այնպիսի գործողություններից, որոնք կարող են անվտանգային սպառնալիքներ պարունակել ․կարծում եմ օբյեկտիվորեն նման սպառնալիքներ չկան , ավելին, վկայակոչվող հանգամանքները վրա հասնելուց հետո էլ Մուրադ Փափազյանը եղել է ՀՀ –ում և նրա ներկայությունը բացասաբար չի անդրադարձել։ Ավելին, գիտենք, որ միջազգայնորեն հայանպաստ գործունեությամբ է զբաղվում , այդ թվում՝ արցախյան հիմնախնդրի առնչությամբ , և, վերջիվերջո, գիտենք, որ օրինակ ադրբեջանցիների ֆիզիկական ներկայությունը Հայաստանում ապահովվում է անվտանգային միջոցառումներո , ինչպես օրինակ՝ սպորտային միջոցառուների ժամանակ Հայաստանը հյուրընկալում է այնպիսի երկրների քաղաքացիների, որոնց հետ մենք ունենք լուրջ անվտանգային մարտահրավերներ, պարզապես ուժեղացված հսկողության ներքո ներկա են գտնվում, սպորտային խնդիրները լուծում են և վերադառնում են հայրենիք։ Արդարադատության իրավունքը կարևոր երաշխիքներ ունի, այդ թվում ՝ անձամբ ներկա գտնվելը , ուստի մեծ ցանկության պարագայում հնարավոր էր նաև այս միջոցառումների միջոցների կիրառմամբ ժամանակավորապես ապահովել Մուրադ Փափազյանի ֆիզիկական ներկայությունը։ Իհարե, որոշում կայացնողը դատարանն է, բայց գոնե դրական եմ գնահատում, որ այլընտրանքային հնարավորություն տրվեց և ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններն օգտագործելով հեռավար դատական նիստին մասնակցելու իրավունքը երաշխավորվեց»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։

Հարցին, ըստ որի՝ հաշվի առնելով Մուրադ Փափազյանի միջազգային հեղինակությունը, Հայ դատի ու արցախյան հարցերով ակտիվ գործունեությունը միջազգային վարականիշի առումով ի՞նչ իրավիճակում ենք հայտնվելու, Մուրադ Փափազյանի շահերի պաշտպանն ասաց․ «Մենք այս արգելքը կապում ենք անձի գաղափարախոսության և գործունեության հետ, իրականում անձը ՀՀ անվտանգության , շահերին սպառնացող գործողություններ չի իրականացրել, բայց աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով , որն ուղղված է եղել ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ ՝ հանրային իշխանություն կրող որոշ պաշոնյաների դեմ և այստեղ Հայաստանի շահը նույնացվել է պետական քաղաքական գործիչների մասնավոր շահերի հետ։ Այդ է պատճառը, որ սա մենք վիճարկում ենք, ընդորում, չենք սահմանափակվելու Հայաստանի ազգային դատարաններով։ Իհարկե, ապավինում ենք, այո, որ հնարավոր է արդարացի որոշակի լուծումներ ստանալ ՀՀ-ում, բայց եթե անգամ դրանք չստացվեն, երկարաժամկետ ենք այս գործընթացին վերաբերվում և բարձրաձայնելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում․ այստեղ է, որ գործը շահելու պարագայում կունենանք մեծ վարկանշային անկում և ես չէի ցանկանա, որ այս հարցով ՀՀ-ի դեմ վճիռներ լինեին , այս գործի փաստական հանգամանքներն ինձ հիշեցնում է «Կոքսն ընդդեմ Թուրքիայի» գործը , որտեղ օտարերկրացի պատմաբանն իր դասավանդման ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսակետներ էր արտահայտել , որի պատճառով բախվել էր թուրքական քարոզչամեքենայի վարկածների հետ»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ հայրենասիրական գաղափարախոսությունն է հիմք ծառայել, որպեսզի Մուրադ Փափազյանի մուտքն արգելվի Հայաստան։

Մանրամասն՝ տեսանյութում։