կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-07 11:01
Աշխարհ

Թրամփի կառավարության անդամները քննարկում են նրան իշխանությունից հեռացնելու հնարավորությունը. CBS

Թրամփի կառավարության անդամները քննարկում են նրան իշխանությունից հեռացնելու հնարավորությունը. CBS

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կաբինետի անդամները քննարկում են նրան իշխանությունից հեռացնելու և պետության ղեկավարի լիազորությունները Մայք Փենսին փոխանցելու հնարավորությունը այն բանից հետո, երբ չորեքշաբթի ամերիկացի առաջնորդի կողմնակիցները ներխուժեցին Կոնգրես: Այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նրանց խոսքով՝ ԱՄՆ կառավարության անդամները քննարկում են նման հնարավորությունը, բայց դեռ իրենց առաջարկները չեն ներկայացրել Փենսին: Խոսքը կառավարության մի շարք անդամների՝ ԱՄՆ Սահմանադրության 25-րդ փոփոխությունն օգտագործելու մտադրության մասին է: Համաձայն այդ փոփոխության՝ փոխնախագահը զբաղեցնում է պետության ղեկավարի պաշտոնը նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, նրա անգործունակության դեպքում: Բացի այդ՝ փոփոխությունը սահմանում է ամերիկյան առաջնորդի ժամանակավոր անաշխատունակության հաստատման կարգը, որի համաձայն՝ փոխնախագահը սկսում է հանդես գալ որպես Սպիտակ տան ղեկավար:

Ըստ USA Today թերթի՝ այս փոփոխությունը երբևէ չի կիրառվել, թեև ընդունվել է մոտ կես դար առաջ: Չորեքշաբթի Կոնգրեսում տեղի ունեցած դեպքերից հետո մի քանի օրենսդիրներ կոչ են արել ակտիվացնել փոփոխությունը:

Թրամփի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունվարի 20-ին, երբ Ջո Բայդենը պաշտոնապես կստանձնի նախագահի պաշտոնը: