կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-09 11:13
Իրավական

Ոստիկանն ու ընկերները քարով կոտրել են խանութի ապակին ու գողություն կատարել. նախաքննությունն ավարտվել է

Ոստիկանն ու ընկերները քարով կոտրել են խանութի ապակին ու գողություն կատարել. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացիներ Գեղամ Ներսիսյանը և Արսեն Բաբայանը 2015թ. մարտի 4-ին` ժամը 21:00-ի սահմաններում, իրենց ընկերոջ` ՀՀ ոստիկանության աշխատակից Գուրգեն Մկրտչյանի տանը հյուրընկալվելուց հետո, Գ. Ներսիսյանի առաջարկով որոշել են ավտոմեքենա վարձակալել և մեկնել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաք:

Վարձակալած ավտոմեքենայով վերջիններս ուղևորվել են Գեղարքունիքի մարզ. ճանապարհին ծխախոտ գնելու նպատակով մտել են Չկալովկա գյուղ և նկատել, որ շրջակայքի բոլոր խանութները փակ են: Այնուհետև Գ. Ներսիսյանն ընկերներին առաջարկել է մթերային խանութից գողություն կատարել:

Խանութից գողություն կատարելու շուրջ Ա. Բաբայանի և ոստիկանության աշխատակից Գ. Մկրտչյանի հետ նախնական համաձայնության գալուց հետո, Գ. Ներսիսյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, քարով կոտրել է խանութի պատուհանի ապակին, որից հետո Ա. Բաբայանի հետ ապօրինի մուտք են գործել խանութ: Խանութի ներսում պոլիէթիլենային փաթեթներում տեղավորելով խոշոր չափերով` մոտ 580 հազ. ՀՀ դրամ արժողությամբ պարենային ու այլ ապրանքները, Գ. Ներսիսյանն ու Ա. Բաբայանը դրանք խանութի պատուհանից փոխանցել են Գ. Մկրտչյանին, ով գողոնը տեղափոխել ու տեղավորել է ավտոմեքենայի մեջ:

Ապա հափշտակելով նաև խանութի դրամարկղում եղած 20 հազ. ՀՀ դրամը` վերադարձել են Երևան: Գ. Մկրտչանն ու Գ. Ներսիսյանը վերջինիս առաջարկով գողացված ապրանքները տեղափոխել և թաքցրել են Գ. Ներսիսյանի ընտանիքին պատկանող տնամերձ հողամասում: Գուրգեն Մկրտչյանին, Գեղամ Ներսիսյանին և Արսեն Բաբայանին մեղադրանք է առջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

Գ. Ներսիսյանի և Ա. Բաբայանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության աշխատակցի և նրա երկու ընկերների կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: