կարևոր
2590 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-11-11 15:16
Հասարակություն

Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք առաջադրվեց

Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք առաջադրվեց

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դստեր՝ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին ArmLur.am-ին։

ArmLur.am-ը հայտնել էր, որ Դատախազությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ, և ԲԴԽ-ն նոյեմբերի 6-ին բավարարել է միջնորդությունը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության վերաբերյալ։

Դատավորի Նաիրա Մանվելի Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև քրեական վարույթի ավարտը։ Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը. ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի վերաբերյալ գործը ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե։ 2024 թվականի ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար կալանավորվել է Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը: 2022-2023թթ. ընթացքում հանցավոր կազմակերպության անդամները պատրաստել եւ օգտագործել են կեղծ անձնագրեր, ամուսնության կեղծ վկայականներ, եւ իբրեւ թե ՌԴ-ում տարբեր նոտարների կողմից վավերացված, կեղծ լիազորագրեր եւ տեղեկանքներ։ Հանցավոր կազմակերպության անդամները դրանք օգտագործել են պետական տարբեր մարմիններում, դատական ատյաններում եւ խարդախության եղանակով հափշտակել են չորս անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից 3-ը Էջմիածին քաղաքում, 1-ը Երեւանում՝ հիմնականում թիրախավորելով կենդանության օրոք միայնակ բնակված տարեց եւ ժառանգ չունեցող անձանց:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքերը խմբի անդամները վաճառել են: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նախաքննությունը նշված 7 անձանց մասով ավարտվել է: ՀՀ քննչական կոմիտեում այս դեպքի վերաբերյալ անջատված մաս կար, որի քննությունը շարունակվում էր, եւ ահա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն անջատված մասը ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե՝ քննություն իրականացնելու, քանի որ գործով շոշափվում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի անունը: