կարևոր
1003 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-01 10:23
Քաղաքական

Կարծում եք՝ բանտով ինձ կլռեցնե՞ք, չեք կարող. Դավիթ Գալստյանի հայտարարությունը

Կարծում եք՝ բանտով ինձ կլռեցնե՞ք, չեք կարող. Դավիթ Գալստյանի հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, ով երկու ամսով կալանավորվել է, ՔԿՀ-ից իր պաշտպանների միջոցով հայտարարություն  է տարածել, որում ասվում է. 

«Իմ նկատմամբ իրականացվող այս քաղաքական դրդապատճառով կալանավորումը ոչ թե իրավական, այլ բացահայտ հաշվեհարդար է՝ ուղղված իմ՝ որպես Արցախի Հանրապետության ժողովրդի օրինական ներկայացուցչի ձայնը լռեցնելու նպատակով։ Այս իշխանությունը ժողովրդավարություն է քարոզում, բայց վարվում է բռնապետի պես։ Երբ ձերբակալվում են ոչ միայն քաղաքական գործիչներ, այլև Հայ Առաքելական Եկեղեցու երկու սրբազաններ՝ դառնում է պարզ. սա ընդհանրական հարձակում է մեր ինքնության, հավատքի և արժանապատվության դեմ։ Սա միայն իմ դեմ չէ։ Սա հարված է մեր պետությանը, մեր եկեղեցուն, մեր հոգևոր և ազգային հիմքերին։

Բանտով դուք կարող եք սահմանափակել մարմինը, բայց ոչ միտքը, ոչ կամքը։ Ես տեսել եմ պատերազմ։ Ապրել եմ շրջափակման մեջ։ Բռնի տեղահանվել եմ իմ հայրենիքից։

Եվ դուք կարծում եք՝ բանտով ինձ կլռեցնե՞ք։ Չեք կարող։ Մեր պայքարը չի կարող ավարտվել բանտային պատերով։ Ավելին՝ այստեղ, փակ տարածքում, առավել պարզ են երևում մեր իրականության աղաղակող հակասությունները։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր դեռ պայքարում են, ովքեր դեռ հիշում են արժանապատվության և ազգային արժեքների իմաստը՝ չլռել։ Այսօր լռությունը հանցակցություն է։ Ես ազատ եմ՝ նույնիսկ անազատության մեջ։ Քանի դեռ կան մտածող մարդիկ, կանգուն ժողովուրդ և արդարություն պահանջող սերունդներ՝ մենք պարտվելու իրավունք չունենք»։