Փոխարժեքներ
16 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այսօր՝ Իրանի վրա հարձակման արդեն երրորդ օրը իսրայելական կողմն ավելի բաց է խոսում իր նպատակների մասին։ Այն, որ Իսրայելը Իրանի վրա էր հարձակվել «միջուկային սպառնալիքը վերացնելու» համար, հայտարարվել էր դեռևս հարձակման առաջին պահից։ Հաջորդ նպատակը սկսեց երևալ Բ․ Նեթանյահուի՝ Իրանի քաղաքացիներին ուղղված կոչերից, իսկ այսօր լրագրողի՝ «Արդյո՞ք [Իրանում] ռեժիմի փոփոխությունը ռազմական ջանքերի մաս է կազմում» հարցին Իսրայելի վարչապետը պատասխանել է՝ «Դա, անշուշտ, կարող է արդյունք լինել, քանի որ Իրանի ռեժիմը շատ թույլ է»։
Ի՞նչ կարելի է ասել ներկա իրավիճակի մասին, եթե իսրայելական հարձակման հիմնական նպատակները այս երկուսն են․
Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար արդեն տեղի ունեցած և ընթացող հրթիռակոծությունները բավարար չեն։ Սա հիմք են տալիս պնդել իրանական միջուկային օբյեկտների առանձնահատկությունները․ դրանք թվով մոտ մեկուկես տասնյակ են, տարածված են ողջ երկրով մեկ, և, որ ամենակարևորն է, շատերը կառուցված են խորը գետնի տակ և լեռնային շրջաններում։ Այս օբյեկտների վերացումը հնարավոր է կա՛մ երկրի ներսից հարձակման, կա՛մ անհրաժեշտ սպառազինության առկայության պարագայում, որն, ըստ հավաստի տեղեկությունների, ԱՄՆ-ն դեռևս չի փոխանցել Թել-Ավիվին։ Ասվածն ապացուցում են, օրինակ, Ֆորդոյի միջուկային կայանին անհաջող հարվածները։
Իսրայելի ձգտումը՝ Իրանում հասնելու ներքին խռովությունների և հեղաշրջման, նույնպես տեսանելի ապագայում դժվար նշմարելի է։ Չնայած ռազմաքաղաքական ղեկավարությանը հասցված ծանր հարվածներին, քաղաքացիական կորուստները բարկացրել են իրանցիների անգամ ամենաընդդմիադիր շրջանակներին։ Այն ենթադրությունը, որ իրանական հասարակությունն այսպիսի իրավիճակներում հեշտորեն պառակտելի է, իր սխալականությունն ապացուցել է դեռ 1980-ականներից սկսած, երբ, օրինակ, նման կերպ գործելու հավակնություն ուներ Սադդամ Հուսեյնը։ Ներքին դժգոհությունների վրա աշխատելու ռազմավարությունը, եթե հաջողության հնարավորություն ունենար էլ երկարաժամկետում, այս պահի համար աշխատող չէ։ Ի դեպ, այս ուղղությամբ էլ, ԱՄՆ-ն, կարծես, Իսրայելի հետ նույն նավի վրա չէ․ այսօր, օրինակ, ըստ մամուլի տեղեկությունների՝ ամերիկյան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ պնդել են, որ Դ․ Թրամփը վետո է դրել Իսրայելի՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի նկատմամբ մահափորձի որոշման վրա։
Այս առումով բավական հետաքրքիր է հետևել նաև Իրանում ընթացող ներքաղաքական գործընթացներին, մասնավորապես՝ բարեփոխականների ու պահպանողականների միջև բանավեճին ու վերջնական քաղաքականության ձևավորմանը։ Բարեփոխականները, որոնց թևին է պատկանում նաև ներկայիս նախագահ Մասուդ Փեզեշքիանը, պնդում էին, որ երկրի տնտեսական իրավիճակը բարելավելու նպատակով ամեն կերպ պետք է մնալ բանակցությունների սեղանի շուրջ և միջուկային նոր գործարք ստանալ, մինչդեռ պահպանողականներն ու դրա առավել կոշտ՝ ԻՀՊԿ-ի թևն ընդհանրապես դեմ էր ամերիկյան կողմի հետ երկխոսությանը՝ այն անօգուտ և անպտուղ համարելով։
Եվս մեկ հանգամանք՝ այս պահին հակամարտության ակտիվ փուլի երկարաձգումը տնտեսական առումով հավասարապես ձեռնտու չէ կողմերից և ոչ մեկին․ Իրանի տնտեսությունը որոշակի տուժած է երկարատև պատժամիջոցներից, իսկ Իսրայելը, պատերազմ մղելով նաև Գազայում, հաշվարկվածից ավելի տնտեսական կորուստներ է կրում։
Իհարկե, այստեղ առկա են բազմաթիվ փոփոխականներ, որոնց տատանումն այս կամ այն պահի լիովին այլ սցենարներ կարող է բացել։ Սակայն հիմա կարող ենք ասել, որ իրանական կողմի համար կարճաժամկետում նպաստավոր ելք է անգամ ոչ թե ռազմական գերակայությունը, այլ Իսրայելի՝ վերը նշված երկու նպատակների ձախողումը․ մի բան, որն այժմ դեռ տեսանելի է։
Անի Մարգարյան