Միասին կարող ենք
կարևոր
241 դիտում, 34 րոպե առաջ - 2026-05-30 17:42
Հասարակություն

Ծաղկունքում 48-ամյա տղամարդն ազգականին սպանել է նրանից նվեր ստացած զենքով

Ծաղկունքում 48-ամյա տղամարդն ազգականին սպանել է նրանից նվեր ստացած զենքով

Այսօր սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կասկածյալն արդեն ձերբակալված է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` մայիսի 30-ին`ժամը 8:59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք բնակավայրում վիճաբանության ձայներ են լսվել։

Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Ծաղկունքի բնակիչ 62-ամյա տղամարդուն որսորդական հրացանով ոչ սթափ վիճակում կրակել և կյանքից զրկել է նույն գյուղի բնակիչ նրա 48-ամյա ազգականը։

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները դեպքից րոպեներ անց հայտնաբերել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել 48-ամյա տղամարդուն։ Հայտնաբերվել է նաև որսորդական հրացանը:

«Հարկ է նշել, որ ոստիկանները շուրջ մեկ տարի առաջ առգրավել են Ծաղկունք գյուղի 48-ամյա բնակչի անունով հաշվառված որսորդական զենքը: Իսկ ինչ վերաբերում է հանցագործության գործիք զենքին, ապա, ըստ նախնական տեղեկությունների, ամիսներ առաջ նշված զենքը 62-ամյա ազգականն էր նվիրել 48-ամյա տղամարդուն»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: