Միասին կարող ենք
կարևոր
409 դիտում, 19 րոպե առաջ - 2026-05-30 14:41
Հասարակություն

Որտե՞ղ է ծնվել Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը․ Էդգար Էլբակյան

Որտե՞ղ է ծնվել Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը․ Էդգար Էլբակյան

Արամ Մանուկյանի՝ արցախցի լինելու մասին վերջին հրապարակումս վերաբացեց Արամի ծննդավայրի մասին եղած վեճը՝ Շուշի՞, թե՞ Դավիթ Բեկ։ Հաշվի առնելով դա՝ ստորև կներկայացնեմ անհերքելի վկայություններ Արամի՝ շուշեցի լինելու մասին։ Այս մասին գրում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

«1․ Արամ Մանուկյանի ինքնավկայությունը 1916 թ․-ին․ «Ես ռուսահպատակ եմ, ծնունդով շուշեցի եմ և ջահել տարիքում, ինչպես պատահում է, ստիպված եմ եղել հեռանալ…» («Գրական թերթ», №14 (2865), 30 մարտի 1990, էջ 4)։

2․ Արամ Մանուկյանի ինքնավկայությունը՝ գրված Վանի 1905-1906 թթ․ օրերի մասին․ «Շուտով եկաւ եւ Իշխանը (խոսքը մեկ այլ արցախցի՝ Ասկերանի Քռասնի գյուղացի Նիկողայոս Պողոսյանի մասին է – Է․Է․)… Համբոյր, կատակ, փոքրիկ վերյիշումներ մօտիկ անցեալից, մի քանի Ղարաբաղցիական հանաքներ… Իշխանի հետ ես դպրոցական ծանօթ էի․ նա ինձանից 3-4 տարով ցածր էր… Մենք նոյն յեղափոխական դպրոցն ենք անցել, իսկ մեր հայրենակցութիւնն ու նախկին ծանօթութիւնը մեծ բան էր այս հեռաւոր եւ օտար հորիզոնի տակ» («Հայրենիք», Տարի Ա․, թիւ 6, 1923, էջ 79)։

3․ Արամ Մանուկյանի ինքնավկայությունը՝ ըստ Ռուբեն Տեր-Մինասյանի հուշերի․ «Ղարաբաղը ես լաւ կը ճանաչեմ, քանի որ անոր զաւակն եմ» (Հայ յեղափոխականի մը յիշատակները, Երևան, 1990, հ․ 1, էջ 192)։

4․ ՀՅԴ կուսակցական արխիվի նյութեր՝ կազմված 1919 թ․ 9-րդ ժողովի որոշմամբ․ «Ծնուել է Արամը Շուշի քաղաքում 1879 թուին։ Հայրը Ղափանի շրջանի Զէյւա գիւղից էր, արհեստաւոր «ղօնտաղսազ» (զինագործ), իսկ մայրը Շուշեցի» («Հայրենիք», Ա․ Տարի, թիւ 1, 1922 նոյեմբեր, էջ 26)։

5․ 1919 թ․ կուսակցական Հր․ Կարինյանի սգաձոնն Արամին․ «Արամը ծնած է Շուշի … Ագուլեանց թաղը» («Աշխատանք», 12 փետրուար, 1919, №4 (212), էջ 9)։

6․ 1919 թ․ Վէսպէր կեղծանվամբ հեղինակի սգաձոնն Արամին․ «Շուշեցի, ծագումովը արևելահայ … Արամը» (նույն տեղում, էջ 27)։

7․ Արամ Մանուկյանի դստեր՝ Սեդա Մանուկյանի վկայությունը՝ գրված 2000 թ․ հունվարի 24-ին․ «Արամ Մանուկյանը (Սարգիս-Սերգեյ Հովհաննիսյան) ծնվել է 1879 թ․ մարտի 19-ին։ Ինչպես ինձ հայտնի է, նրա ծննդավայրը Շուշին է, այդ մասին ես լսել եմ մանկուց մորիցս, հորաքրոջիցս և այլ ղարաբաղցիներից։ Զեյվայի (Դավիթ Բեկ – Է․Է․) տարբերակի մասին տեղեկացա միայն 70-ականներին։ Հավանական է, որ այս տարբերակի ստեղծման պատճառը այն է, որ Արամի հայրը Ղափանից էր» (Արմեն Ասրյան, Արամ Մանուկյանի ազգային-քաղաքական գործունեության սկիզբը, Բանբեր Հայաստանի արխիվների, №1 (100), 2002, էջք 107-108)։

Զեյվայի (Դավիթ Բեկ) կեղծ տարբերակն առաջին անգամ շրջանառվել է միայն 1929 թ․-ին ՀՅԴ օրգան «Դրոշակում» Սիմոն Վրացյանի կողմից (№1-2 (284-285), էջ 26), որը դեռ 1919 թ․-ին, ղեկավարելով կուսակցական արխիվների կազմման գործը, հստակորեն նշում էր Արամի ծննդավայրը որպես Շուշի։ Այս կեղծ տարբերակի համար թերևս հիմք է ծառայել այն հանգամանքը, որ, ըստ վկայությունների, Արամի ծնողները հաճախ են եղել Զեյվայում։ Հետազոտող Ա․ Ասրյանի արխիվային հետազոտությունները, սակայն, ցույց են տալիս, որ Զեյվայի Սուրբ Ստեփանոս եկեղեցու չափաբերական (կամերալ) մատյաններում ոչ մի հետք չկա ոչ միայն Արամ Մանուկյանի ծննդյան մասին, այլև նրա ծնողների, եղբայրների ու քույրերի ծննդյան, պսակադրություն կամ մահվան մասին (նույն տեղում, էջ 101)։

Կարճ ասած՝ Արամը ծնվել է Շուշիում։ Զեյվա-Դավիթ Բեկի տարբերակը պատմագիտական թյուրիմացություն է, որ պիտի սրբագրվի։ Նրանք, որ համառում են այդ տարբերակի շուրջ, կա՛մ հրաժարվում են այս ակնհայտ փաստերն ընդունել, կա՛մ էլ սպասարկում են այլ՝ ենթադրաբար արցախատյաց օրակարգ»։