կարևոր
751 դիտում, 6 ժամ առաջ - 2025-05-16 11:20
Հասարակություն

Իշխանության նպատակն է՝ նսեմացնել այն ամենը, ինչը ստեղծվել է այս պետությունը հզորացնելու համար․ Օհանյան

Այսօր ականատեսն ենք վտանգավոր երևույթի. իշխանության վերահսկողության տակ գտնվող պետական և քարոզչական ողջ ապարատը գործում է մեկ նպատակի համար՝ նսեմացնել այն ամենը, ինչն արվել է այս պետության ստեղծման և հզորացման համար՝ մինչև իրենց իշխանության գալը։ Այս մադրիկ փորձում են արժեզրկել և վարկաբեկել այն մարդկանց, որոնք զրոյից՝ քարը քարի վրա դնելով, մետր առ մետր առաջ գնալով՝ աստիճանաբար կայացրել են անկախ Հայաստանն ու Արցախը, ակնհայտ է՝ առաջին քայլերին բնորոշ թերացումներով հանդերձ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեեկավար Սեյրան Օհանյանը։  

«Նրանց հիմնական նպատակը և թիրախներից մեկը նաև Ռոբերտ Քոչարյանն է ու նրա ընտանիքը, մարդ, ով իր անձնական օրինակով, գաղափարական և մարտական ընկերների հետ պատերազմից դուրս եկավ հաղթող և որի ղեկավարությամբ կառուցվեց պետական համակարգ։ Դա այսօր իրենք փորձում են ոչնչացնել որպես անցանկալի հիշողություն»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Պատգամավորը նկատեց՝ խնդիրն այն է, որ այսօր երկիրը ղեկավարվում է մի խմբի կողմից, որը չունի բովանդակություն, կարողություն, ռազմավարական տեսլական։ 

«Նրանք չեն տիրապետում պետական կառավարման հիմքերին, նրանք ձախողել են թե՛ արտաքին քաղաքական, թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության և թե՛ հասարակական համերաշխության և արդարադատության ոլորտներում»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ ամեն անգամ, երբ ընդդիմությունը բարձրացնում է կարևոր և բովանդակային հարցեր, իշխանությունները պատասխան չունենալու պատճառով խոսակցությունը փողոցային մակարդակի են իջեցնում. «Պատշաճ պատասխանի փոխարեն՝ բեմադրում են շոու, բախում։ Սկսում են գոռալ, վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել։ Ամեն ինչ արվում է մեկ նպատակով՝ խեղդել թեման, փշրել բովանդակությունը, քաղաքական դաշտը վերածել Նիկոլ Փաշինյանի սրտի քաղաքական թատրոնի»։

 

Մանրամասն՝ տեսանյութում