կարևոր
1204 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-01 17:41
Քաղաքական

Հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշական է․ այո՛, մասնակցել եմ միջոցառմանը․ Խաչատրյանը՝ քննադատությունների մասին

Հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշական է․ այո՛, մասնակցել եմ միջոցառմանը․ Խաչատրյանը՝ քննադատությունների մասին

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան գրում է․

«Առավոտյան ընկերներիցս մեկը մի քանի ՖԲ գրառում ուղարկեց, թե ինչպես են ոմանք (!!!) քննադատում իմ մասնակցությունը ԱԺ այգում ճապոնական Հանամի հնամենի տոնակատարությանը։ Միջոցառումը նախաձեռնել էր «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպությունը։ Մասնակցում էին նաև պատգամավորներ։ Սա հարգանքի տուրք էր ճապոնացիներին։ Որպես «Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամության խմբի անդամ այո՛ մասնակցել եմ այդ միջոցառմանը։ Ու ճիշտ եմ արել։ Տեսել եմ ճապոնացիների աջակցությունը Հայաստանին 1988 թվականի երկրաշարժից հետո։ Հիշում եմ անկախության ու Արցախյան առաջին պատերազմի դժնդակ տարիներին Ճապոնիայի օգնությունը։ Գիտեմ Ճապոնիայի կառավարությունը ինչ կարևորագույն ծրագիր է իրականացնում Շիրակի մարզում։

Այդ միջոցառմանը ելույթ եմ ունեցել։ «Հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշական է: Իհարկե, շատ հեռու ենք իրարից, սակայն որպես երկու հնագույն ժողովուրդ, որպես ազգային ավանդույթները պաշտպանող, ազգային արժեքները հարգող ժողովուրդներ, որքան մեր համագործակցությունը սերտ լինի, այնքան ավելի կարժեւորենք ազգային ավանդները պահպանելու, խրախուսելու կարեւորությունը»,- ասել եմ ելույթիս մեջ։ Նաև կարևորել եմ արցախցիների վերադարձի ու ինքնորոշման իրավունքի իրացումը։ Ելույթիս այս մասին ԱԺ լրատվության պատասխանատուները որոշել էին չանդրադառնալ։ Ինձ քննադատողները՝ նույնպես»։