Փոխարժեքներ
29 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 443.12 |
RUB | ⚊ | ₽ 4.7797 |
GBP | ⚊ | £ 521.16 |
GEL | ⚊ | ₾ 141.62 |
Սփյուռքում գործող հայկական ռադիոկայանները միշտ էլ կարևոր դեր են ունեցել ազգային ինքնության պահպանման, մայրենի լեզվի ու մշակույթի տարածման գործում։ Այդ կառույցներից մեկն է «Վանա ձայն» ռադիոկայանը, որը տարիներ շարունակ դարձել է կամուրջ՝ համայնքի անդամների և պատմական հայրենիքի միջև։ Ռադիոկայանի պատմության, անցած ուղու, հաղորդումների և նպատակների մասին խոսել ենք ռադիոկայանի տնօրեն Վիգեն Ավագյանի հետ։
- Պարոն Ավագյան, ե՞րբ և ում կողմից է հիմնադրվել «Վանա ձայն» ռադիոկայանը։
- «Վանա ձայն» ռադիոկայանը հիմնադրվել է 1986 թվականի մայիսի 1-ին Լիբանանում երեք անհատների նախաձեռնությամբ։ Ավելի ուշ այն փոխանցվել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ 1998 թվականի նոյեմբերին ռադիոկայանը ստացել է պաշտոնական արտոնագիր Լիբանանի կառավարության կողմից։
- Քանի՞ աշխատակից ունի ռադիոկայանը և ի՞նչ մասնագետներ են ընդգրկված թիմում։
- «Վանա ձայն»-ի անձնակազմը բաղկացած է 25 աշխատակցից, որոնց մի մասն աշխատում է ռադիոկայանի գրասենյակից, իսկ մյուս մասը՝ հեռավար։ Թիմում ներառված են լուրերի հաղորդավարներ, ձայնագրող մասնագետներ, վարչական աշխատողներ և հաղորդումներ պատրաստող մասնագետներ։
-Որտե՞ղ է իրականացվում ռադիոկայանի սփռումը՝ միայն տեղակա՞ն, թե՞ ունի նաև միջազգային հասանելիություն։
-Ռադիոկայանի սփռումը կատարվում է երկու ձևով, առաջինը՝ FM ալիքով, իսկ երկրորդը՝ առցանց՝ www.voiceofvan.net կայքով, որտեղ կարելի է սեղմել ուղիղ սփռում կոճակը և 24/7 լսել բոլոր պատրաստված հաղորդումները։ Նշեմ նաև, որ Լիբանանից դուրս ավելի շատ ունկնդիրներ ունենք, և այս ամենին նպաստում է առցանց սփռումը։ Բացի այդ, բոլոր պատրաստված հաղորդումներն ուղիղ սփռումից հետո տեղադրվում են Facebook, Instagram, Tiktok հարթակներում, որպեսզի ունկնդիրներn աշխատանքից հետո հնարավորություն ունենան լսելու ամբողջ օրվա եթերը։
-Կպատմե՞ք ռադիոկայանի անցած ուղու մասին։ Ի՞նչ կարևոր փուլերով է անցել։
-«Վանա ձայն»-ը պաշտոնական հիմնադրումից հետո՝ 1986 թվականից մինչև 1990 թվականները, պատերազմի միջով է անցել, ունեցել է բազմաթիվ վայրիվերումներ, եղել են տնտեսական տագնապներ, քաղաքական ցնցումներ և տեղական անկայունություն։ Հինգ տարի առաջ Բեյրութի նավահանգստի պայթունի պատճառով ջարդ ու փշուր եղավ ռադիոկայանը, սակայն և ոչ մի օր չդադարեցրեց իր աշխատանքը։ Բացի այդ, միջին արևելքի անկայուն վիճակի պատճառով արտագաղթ տեղի ունեցավ, և ռադիոկայանի աշխատակիցներից նունպես արտագաղթեցին․ այս առումով ռադիոն մեծ վնասներ կրեց։ Ավելացնեմ նաև, որ Արցախյան պատերազմների ժամանակ անընդհատ հետևում էինք լրահոսին և պարբերաբար պատրաստում հաղորդումներ։
-Կա՞ն հաղորդումներ կամ նախագծեր, որոնք մեծ հաջողություն են ունեցել։
-Այո, իհարկե, շատ կան։ Դրանցից մեկը աշակերտական մրցանքն է․ ամեն շաբաթ վարժարաններ ենք ացելում և կազմակերպում հայկական երգի ու պարի մրցույթներ 6-րդ 7-րդ և 8-րդ դասարանի երեխաների հետ: Մրցույթի ավարտին ընտրում ենք լավագույն աշակերտին։ Այս ամենը հրապարակվում է թե կայքէջում, թե սոց․ հարթակներում, և յուրաքանչյուր վարժարան հավաքում է հազարավոր դիտումներ։ Բացի այս ամենը, մենք փորձեցինք ռադիոկայանից դուրս գալ և հենց դրսում պատրաստել հաղորդումներ․ դրանք ունեցան տասնյակ հազարավոր դիտումներ։ Ունենք առավոտյան «Բարև» հաղորդումը, օրը 4 անգամ լուրեր ենք թողարկում, որոնցից մեկը լինում է Հայաստանի, իսկ մյուս երեքը Լիբանանի և աշխարհի մասին։
-Ո՞րն է ռադիոկայանի հիմնական նպատակը։
-Մեր հիմնական նպատակներից առաջինը հայապահպանությունն է։ Սփյուռքում՝ գաղթօջախում ապրելով՝ պարտավոր ենք բարձր պահել մեր ազգային ինքնությունը՝ հնչեցնելով հայկական երգը, տարածելով մեր մշակույթը, լեզուն և ազգային արժեքները մեր հաղորդումներում։
Երկրորդ նպատակը՝ կամուրջ լինել Հայաստանի և Սփյուռքի միջև։ Այդ պատճառով էլ մեր հաղորդումներն ու ուղիղ եթերները պատրաստվում են հայերեն։ Մենք փորձում ենք Հայաստանը բերել Լիբանան և ինչու ոչ, Լիբանանը՝ Հայաստան։
Բացի այդ, յուրաքանչյուր օր մեր եթերում ունենք մեկ ժամ արաբերեն հաղորդումների համար։ Դրա շնորհիվ լիբանանցի լսարանն ավելի լայն պատկերացում է ստանում Հայաստանի մասին, իսկ Հայաստանի բնակիչներն էլ՝ Լիբանանի։ Այս ձևաչափով մենք կամրջում ենք երկու ժողովուրդներին՝ նպաստելով փոխադարձ ծանոթությանը և բարեկամությանը։
«Վանա ձայն»-ը գործում է մի քանի ուղղություններով՝ համախմբելով երաժշտությունը, երգարվեստը, լրատվությունն ու հաղորդումները մեկ ընդհանուր նպատակում՝ միավորել, ներկայացնել ու պահել հայկականը։
Մեզ համար երգը, երաժշտությունը, պատրաստված հաղորդումները ինքնանպատակ չեն․ այս ամենը միայն տեղեկություն փոխանցելու համար չի արվում, ազգային տրամադրություն ենք փորձում ստեղծել, ժողովրդի մոտ կերտել հայի դիմագծը և ինքնությունը։ Մենք փորձում առաջնորդվել այն ամենով, ինչը հային հայ կպահի․․․
-Պարոն Ավագյան, անչափ շնորհակալություն անկեղծ զրույցի համար։
Էլիտա Ստեփանյան