Փոխարժեքներ
25 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.83 |
EUR | ⚊ | € 425.02 |
RUB | ⚊ | ₽ 4.665 |
GBP | ⚊ | £ 508.05 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
Ստորև ներկայացնում ենք «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում Գառնիկ Դանիելյանի ներկայացրած տեսակետները.
«Սիրելի՛ հայրենակիցներ, օրերս Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունից տեղեկացանք, որ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքներն ավարտվել են։ Հայկական կողմն ընդունել է մեզ պարտադրվող, մինչ օրս չհամաձայնեցված երկու պահանջները ևս։
Մինչ իշխող Քաղաքացիական պայմանագիրը փորձում է սա ներկայացնել որպես հաղթաթուղթ, Ադրբեջանը հայտարարում է, որ բանակցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրությունում փոփոխությունների կատարումն է։
Սրանից բացի, առաջ են քաշվում միջանցքի տրամադրման, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցման, «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ գործած անձանց» արտահանձնման, միջազգային դատական ատյաններից ՀՀ հայցերը հետ կանչելու, հայ-ադրբեջանական սահմանից դիտորդների դուրս բերման, Հայաստանի ապառազմականացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ նախապայմանները։
Ադրբեջանն ամեն օր նոր նախապայման թելադրելով՝ փորձում է խաղաղությունը վաճառել մեզ՝ միառժամանակ հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ ունի 0 վստահություն։
Ձեռք բերված պայմանավորվածություններով որևէ կերպ չի հստակեցվում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը, ոչ մի խոսք՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Արցախի և արցախահայության իրավունքների մասին։
Ակնհայտ է, որ այս փաստաթղթով Ադրբեջանը փակելու է Արցախի և արցախահայության վերադարձի հարցը։
Համաձայնագրում չկա որևէ անդրադարձ Բաքվում ապօրինաբար դատվող քաղաքացիական անձերի և ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակմանը։ Ցավոք, պետք է արձանագրել, որ այս հարցը իշխող ուժի կողմից այդպես էլ որպես նախապայման չի ձևակերպվում, ավելին՝ փորձում են փակել այն՝ հանուն իրենց պատկերացրած խաղաղության։
Սիրելի՛ հայրենակիցներ, մեզնից որևէ մեկը չի կարող դեմ լինել իրական խաղաղությանը։ Բայց այն, ինչ ներկայացվում է որպես Խաղաղության պայմանագիր, թաքնված ական է մեր պետության համար։
Խաղաղության ձեռքբերումը պետք է լինի յուրաքանչյուրիս նպատակը։ Բայց այդ ճանապարհին մենք չպետք է կորցնենք մեր արժանապատվությունը, հրաժարվենք ազգային իղձերից, արժեքներից, պատմությունից։ Այդպիսի փաստաթուղթը վտանգ է ոչ միայն մեր երկրի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, այլ, առաջնահերթ, մեր ժողովրդի ինքնության և գոյության համար։
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, թե ինչ սպառնալիքներ է պարունակում այս փաստաթուղթը և թույլ չտա, որպեսզի այն վաճառեն իր վրա որպես Խաղաղության համաձայնագիր»։