Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, բացի իր աշխատանքների տոտալ ձախողումից, տևական ժամանակ է, ինչ անընդհատ կոնֆլիկտների մեջ է հայաստանյան ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչների գերակշիռ մասի հետ: Եթե որևէ մեկը համաձայն չէ ՀՖՖ-ի հետ, ապա ֆեդերացիայի ղեկավարությունը ոչ թե երկխոսում, քննարկում է հարցերը, այլ գնում է բացահայտ առճակատման։
Տարբեր ակումբների հետ պարբերական պատերազմներին, տարբեր ֆուտբոլիստների, ֆուտբոլային աշխարհի հայտնի այլ անձանց հետ կոնֆլիկտներին գումարվելու են եկել լուրջ խնդիրները երկրպագուների հետ: Անցած տարվա աշնանից սկսյալ ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները տարբեր ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ՀՖՖ ղեկավարության հրաժարականը: Սակայն ո՛չ ֆեդերացիայի նախագահը, ո՛չ էլ ղեկավար կազմից որևէ այլ անձ չի հանդիպել երկրպագուների հետ: Առավելագույնը, ինչ արել է ֆեդերացիայի նախագահը, հայտարարություն տարածելն էր, որտեղ նա տիպիկ քպական ոճով ձախողումների մեջ մեղադրել է բոլորին՝ ՀՖՖ ղեկավարությունից բացի:
Օրերս էլ, երբ երկրպագուները հերթական ակցիան էին իրականացնում «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղի ընթացքում, ֆեդերացիան դիմեց օրվա իշխանությունների «սիրելի» գործիքին, այն է՝ իրավապահների օգնությանը, որոնք էլ բիրտ ուժ են կիրառել խաղաղ ակցիա իրականացնողների դեմ, ավելին՝ ինը անձի ձերբակալել են ու զավեշտալի հոդվածներ նկարել: Հասկանալի է՝ նպատակը FAF-ի ու մյուս ակումբների երկրպագուների շրջանում վախի մթնոլորտ սերմանելն ու Արմեն Մելիքբեկյանի դեմ պայքարի «մեջքը կոտրելն» է: Բայց, ինչպես երևում է, սա հակառակ արդյունքն է տալիս. նույնիսկ ոչ ֆուտբոլասեր հանրության զգալի մասը սոցցանցերում բացահայտ աջակցում է երկրպագուներին:
Ի դեպ, «Փաստի» տեղեկություններով, նույնիսկ իրավապահներն են տարակուսած եղել, թե ուժ կիրառելու, առավել ևս ձերբակալելու որևէ իրավական հիմք չկա: Սակայն, ըստ երևույթին, համակարգի «վերևից» հրահանգն օրենքից զորեղ է գտնվել, ինչպես, ի դեպ, միշտ է լինում այս իշխանությունների օրոք: Հավելենք, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ֆեդերացիայի նախագահը անընդհատ սխալ տեղեկություններ է փոխանցում Նիկոլ Փաշինյանին, որպեսզի կարողանա պահպանել նրա «դաբրոն», ինչպես նաև ստանալ իրավապահ համակարգի աջակցությունը՝ երկրպագուներին ճնշելու համար: