Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ Արտահերթ ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները: Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում և սոցցանցերում տեղ գտած հրապարակումները, որոնց մեջ շատ են ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրության վերաբերյալ շահարկումները, թափանցիկություն չապահովելու համար ՀՖՖ-ի հասցեին հնչող մեղադրանքները, Ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային հասարակությանը դրսևորել զսպվածություն և հանդուրժողականություն, զերծ մնալ շահարկումներից և ագրեսիվ կոչերից:
«Ինչպես և նախօրոք տեղեկացրել էինք, դեկտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կկայանա մամուլի ասուլիս, որի ընթացքում ուղիղ եթերում կհրապարակվեն ինչպես ՀՖՖ նախագահի, այնպես էլ Գործկոմի անդամության թեկնածուների և նրանց առաջադրող անդամ կազմակերպությունների անունները:
Հրապարակման ամսաթիվը (դեկտեմբերի 6) պայմանավորված է նրանով, որ առաջադրված թեկնածուների փաթեթները դեռ ստուգվում են իրավաբանների կողմից` դրանց համապատասխանելիությունը ՀՖՖ կանոնադրությանը հաստատելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: