կարևոր
469 դիտում, 5 ժամ առաջ - 2025-01-21 12:03
Տնտեսական

Ովքեր եւ ինչպես կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից

Ովքեր եւ ինչպես կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից

Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող Հայաստանի ռեզիդենտ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից ինչպես իրենց, այնպես էլ՝ ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ եւ զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի մասով։

Ովքեր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից

Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից այն քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որեւէ ընկերությունից ձեռք են բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող կրթական հաստատությունում կատարել են ուսման վճար։

Ընդ որում, կրթական ծախսերը կարող են կատարված լինել ինչպես նախադպրոցական, այնպես էլ տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար։

Որքան է կազմում փոխհատուցումը

Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Անհրաժեշտ է հիշել, որ Ձեր եւ ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը չպետք է գերազանցի տարեկան 100.000 դրամը: Այսինքն, եթե Դուք ուսման վճարի համար ստանաք 100.000 դրամ փոխհատուցում, ապա չեք կարող այլեւս օգտվել առողջության ապահովագրական փաթեթի 50.000 դրամ փոխհատուցումից։ Երկու ուղղություններով փոխհատուցումից միաժամանակ կարող եք օգտվել, եթե դրանց հանրագումարը չգերազանցի 100.000 դրամը։

Ինչպես օգտվել փոխհատուցումից

Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ծառայություն մատուցողից, այսինքն՝ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայության համարանիշ։ Այն դեպքում, երբ հայտարարատուն Դուք եք, բայց սոցիալական ծախսը կատարում եք Ձեր ընտանիքի անդամի համար, պետք է ներկայացնեք նաեւ ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը եւ հանրային ծառայության համարանիշը, ինչպես նաեւ ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ եւ հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ)։

Եթե 2025 թվականին Դուք պետք է ներկայացնեք հայտարարագիր 2024 թվականի հաշվետու տարվա համար, եւ 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ վճարել եք ուսման համար, սակայն չունեք հաշվարկային փաստաթուղթ, ապա սոցիալական ծախսը հիմնավորելու եւ փոխհատուցումը ստանալու համար կարող եք տվյալ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պահանջել հաշվարկային փաստաթուղթ։ Այնուհետեւ, եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո նույն համակարգի միջոցով պետք է ներկայացնեք դիմում՝ փոխհատուցման գումարը միասնական հաշվից ստանալու համար։

Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու առանձնահատկությունները

Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին սոցիալական փաթեթի շահառու է, ապա անձամբ չի կարող օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից, փոխարենը կարող է օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռք բերելու դեպքում։

Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար հաշվարկված եւ (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների եւ Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջեւ առկա է դրական տարբերություն: