կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-14 22:04
Քաղաքական

Ովքեր կարող են օգտվել ՊՆ-ից կողմից ստեղծվելիք հիմնադրամից

Ովքեր կարող են օգտվել ՊՆ-ից կողմից ստեղծվելիք հիմնադրամից

Արդեն հայտնել ենք, որ այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն չէ այն մտքի հետ՝ եթե հունվարի 28-ից հետո եղած դեպքերի համար է գումար տրամադրվելու, ապա մնացած զինծառայողները, ովքեր զոհվել կամ վիրավորում են ստացել դրանից առաջ, մնում են անտեսված:

Ըստ Ավետիսյանի՝ մնացածներն էլ են եղել ուշադրության կենտրոնում, և ինքը ճիշտ չի համարում նման ձևակերպումը: Ինչ մնում է օրինագծի հրատապ քննարկելուն ու ընդունելուն, նա դա բացատրեց նրանով, որ արդեն մյուս տարվա բյուջեն է քննարկվում, և հաջորդ տարվա բյուջեում նախատեսել են գումարներ, և պետական ծառայողներին, համայնքային ծառայողներին վճարելու են պետական բյուջեից:

«Հստակ ժամանակացույցի խնդիր է առաջանում, որ եթե մենք մյուս տարվա փետրվարին սկսենք սրա քննարկումները, պարզ չի թե ԱԺ-ն հնարավորություն կունենա՞ նիստեր գումարելու և պարտադիր հարցերի հետ նաև այս հարցը քննարկելու: Շատ կարևոր է, որպեսզի կարողանանք ինչքան հնարավոր է շուտ բանակում հաշմանդամության կամ մահվան դեպքերի ժամանակ նրանց ընտանիքներին մոտեցում ցուցաբերել, փորձել այդ ընտանիքների սոցիալական խնդիրներին լուծում տալ»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորից հետաքրքրվեցինք` արդյո՞ք միայն մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին են տրվելու այդ գումարները:

«Չի ասվում՝ հակառակորդի կրակոցից պետք է լինեն, ընդամենը ասվում է` գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած, պարտադիր չի հակառակորդի կրակոցից լինի, չֆիքսենք հատուկ հակառակորդի կրակոցից, մենք խոսում ենք ընդհանուր զինծառայողների մասին»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ տարբեր խնդիրներ կարող են լինել, թե ինչ պայմաններում է հաշմանդամություն ձեռք բերել զինծառայողը: «Երևի կլինեն տարբեր հանձնաժողովներ, որոնք կտան հստակ եզրակացություններ: Այստեղ տարբեր խնդիրներ կան, թե ինչ պայմաններում է հաշմանդամություն ձեռք բերել: Տարբեր հանձնաժողովների անդամները կտան իրենց եզրակացությունը»,- ասաց ՀՀԿ-ականը:

Ըստ Ավետիսյանի՝ մեր խնդիրը մեկն է, որ ասում ենք` մեկ ազգ, մեկ բանակ, պետք է կարողանանք մեր ամենօրյա գործողություններով ցույց տալ, որ մեր բանակի կողքին ենք:

«Մենք պետք է կարողանանք սատար կանգնել մեր զինվորներին, լինել այն մարդկանց հետ, ովքեր իրենց ծառայությունով սահմանին հնարավորություն են տալիս մեզ խաղաղ աշխատել: Ուստի շատ կարևոր և արդարացված քայլ է, ուղղակի պետք է այս քայլը շատ ճիշտ արվի, շատ թափանցիկ լինի, այդ թափանցիկությունը պետք է հավատ ներշնչի, և կարծում եմ` կլինեն շատ մարդիկ, ովքեր շատ ավելի մեծ գումարներ կփոխանցեն հիմնադրամին»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Ըստ Ավետիսյանի՝ քանի որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո սրվեցին այն խոսակցությունները, թե բանակին տրված միջոցները արդյունավետ ու նպատակային չեն օգտագործվել, ուստի ճիշտ է այն՝ ինչ-որ պետք է լինի, լինի օրենքով:

Ավետիսյանի կարծիքով` մեծ դժվարություն չի լինի հիմնադրամի թափանցիկությունն ապահովել: «Կլինի հոգաբարձուների խորհուրդ, հոգաբարձուների խորհրդի կողմից գործադիր տնօրեն, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ ընդգրկված կլինեն և կտան իրենց հաշվետվությունը: Դա պետք է լինի առավել թափանցիկ, որպեսզի որևէ մեկի մոտ կասկածի մի նշույլ անգամ չառաջանա: Դա ամենակարևորն է»,- ասաց նա:

Մեր հարցին` արդյո՞ք ճիշտ է այն մոտեցումը, որ 100 000 դրամ աշխատավարձ ստացողն էլ, 500 000 դրամ աշխատավարձ ստացողն էլ միևնույն` 1000 դրամը վճարեն, Ավետիսյանն ասաց. «Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ ցանկացած քաղաքացի զգա իրեն բանակի մի մասը, մտածի, որ, այդ հազար դրամը տալով, մասնակից է բանակի, բանակում հաշմանդամություն ստացած մարդուն սատարելուն: Հիմա էլ շատ կազմակերպություններ ավելի շատ գումար են հավաքում բանակի համար: Այդ հազար դրամը պետք է լինի պարտադիր, բայց ցանկացողներ շատ-շատ կլինեն, որ կուզենան այդ հիմնադրամին ավելի շատ գումար հատկացնել»:

Ավետիսյանը կարևորց պաշտպանության նախարարի կողմից հնչեցված այն միտքը, որ որոշակի վերապահումներ կլինեն` արդեն հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքների հետ կապված: «Իրենց համար կլինի զուտ կամավորության սկզբունքով, որովհետև այն ընտանիքը, ում երեխան ծառայում է բանակում, միգուցե ցանկանա ավելի շատ գումար տրամադրել: Կարծում եմ` այդ մասով ավելի ճիշտ կլինի թողնել կամավորության սկզբունքով»,- եզրափակեց նա: