Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում շարունկավեց «Ալեն Սիմոնյանը՝ ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի» գործով դատական նիստը, որի ժամանակ հարցաքննվեց գործով վկա Հովհաննես Նալբանդյանը, ով ներկայացավ որպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական։
Վկային հարցեր տալու հնարավորություն տրվեց Անժելա Թովմասյանի փաստաբան Հայկ Ալումյանին, ով Հովհաննես Նալբանդյանից հետաքրքրվեց, թե՝ ե՞րբ և ինչպե՞ս է տեղեկացել հիշյալ դատական նիստին մասնակցելու մասին։ Ի պատասխան՝ վկան նախ շտապեց նշել․ «Ալեն Սիմոնյանը հաստատ չի ասել, ծանուցագիրը ստացել եմ այս տարվա սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին»։ Հայկ Ալումյանի հերթական հարցին ի պատասխան Ալեն Սիմոնյանի օգնականն ասաց, որ համացանցում Ալեն Սիմոնյանի մասին Անժելա Թովմասյանի «վիրավորական» գրառումը կարդալով անմիջապես տեղեկացրել է Ալեն Սիմոնյանին, որից հետո Ալեն Սիմոնյանը կարգադրել է իրեն դիմել փաստաբաններին ու զբաղվել տվյալ գործով։ Հայկ Ալումյանը դատարանին հիշեցրեց, որ փաստաբաններին դիմելը, իրավաբանորեն, ԱԺ նախագահի օգնականի աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Վիրավորանքի հիմք է հանդիսացել «պոռնիկ» բառի գործածումը:
Հայցվոր Ալեն Սիմոնյանը պահանջում է Անժելա Թովմասյանից բռնագանձել 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող Անժելա Վարդանի Թովմասյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 590 000 (հինգ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 110 000 (հարյուր տասը հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար։
Վկային հարցեր ուղղելուց հետո, Անժելա Թովմասյանի շահերի պաշտպանը վկայից հետաքրքրվեց, թե պատրա՞ստ է իր երկու հեռախոսներն ու աշխատանքային համակարգիչը տրամադրել փորձագետին՝ պարզելու, թե արդյո՞ք այդ օրն իր հեռախոսներից ու աշխատանքային համակարգչից մուտք եղել է համացանց։ Վկան համաձայնեց, որից հետո Հայկ Ալումյանը դատարանին տեղեկացրեց, որ պատրաստվում է գրավոր միջնորդություն ներկայացնել։
«Համոզված ենք, որ վկան ճիշտ ցուցմունք չի տալիս և շարժառիթն ավելի քան ակնհայտ է, վերադասի՝ Ալեն Սիմոնյանի մասին է խոսքը։ Բացի դրանից, պարզվեց, որ վկան մտերիմ հարաբերություների մեջ է նրա հետ և փորձում է ցուցմունքների միջոցով Ալեն Սիմոնյանի համար ստեղծել հնարավորություն՝ շրջանցելու հայցային վաղեմությունը»,-ասաց Հայկ Ալումյանը՝ մեկ շաբաթ ժամանակ խնդրելով դատարանից, որպեսզի ներկայացնի միջնորդությունը։
Բացի վկայի հեռախոսներն ու աշխատանքային համակարգիչը փորձագետին ներկայացնելու պահանջ-միջնորդությունից, Հայկ Ալումյանն ասաց, որ կմիջնորդի հայցվորին (Ալեն Սիմոնյանին) և հայցվորի վկային՝ Հովհաննես Նալբանդյանին՝ անցնելու ստի դետեկտորով՝ նրանց ներկայացրած տեղեկության արժանահավատությունը ստուգելու համար։
Դատարանը բավարարեց Հայկ Ալումյանի միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց 2025 թվականի փետրվարի 4-ին։
Հերմինե Զեյնալյան