Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց անկախության հանրաքվե։ Անցկացվեց ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան և իրավական առումով՝ անթերի։ Հանրաքվեին մասնակցել էր ԼՂՀ չափահաս բնակչության 82,2%-ը: Անկախությանը կողմ էր քվեարկել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99,99%-ը՝ 108.615 մարդ։ Դեմ էր քվեարկել ընդամենը 24 հոգի։ Կարևոր թիվ է հենց 82,2%-ը։ Այն ցույց է տալիս հանրապետությունում հայերի ու ադրբեջանցիների բաշխումը 1988 թվականի դրությամբ։ 1991-ին ընտրացուցակներից հանվել էին մահացածները, մուտք էին արվել 18 տարեկան դարձածները։ Փաստացի չբնակվողները, այսինքն՝ Արցախից որոշ հայաբնակ գյուղերից հայ փախստականները, ովքեր ապաստան էին գտել Հայաստանում ու Արցախից հեռացած ադրբեջանցիները ընտրացուցակներից չէին հանվել։ Ինչու՞ է սա կարևոր։ Համաձայն Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած կարգավորման առաջարկների, որոնք շրջանառվում էին դեռևս 2006 թվականից, և որի մի տարբերակ ժառանգել էր նաև Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը որոշելու հանրաքվեին (կամ պարտադիր կամարտահայտությանը) պետք է մասնակցեին թե՛ հայեր և թե՛ ադրբեջանցիներ այն ՆՈՒՅՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ, որ գոյություն ուներ մինչև 1988 թվականի փետրվար։ Նույնիսկ եթե հանենք Շահումյանի շրջանը, որը «Սովետի թվին» ԼՂԻՄ կազմում չէր, հայերն Արցախում բացարձակ մեծամասնություն էին, և հանրաքվեի արդյունքները կասկած չէին առաջացնում։ Այնպես որ, թող ՔՊ-ականները չփորձեն մարդկանց խաբել, թե հանրաքվեի արդյունքները երաշխավորված չէին, քանի որ ադրբեջանցիները նույնպես պետք է մասնակցեին։
Քվեաթերթիկի օրինակը տրամադրել է ՀՅԴ Արցախի «Ապառաժ» օրաթերթի գլխ․ խմբագիր Արա Պուլուզյանը»։