կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-17 15:28
Քաղաքական

Ուզում եմ կոչ անել բոլորին՝ առհասարակ, չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ. Վանեցյան

Ուզում եմ կոչ անել բոլորին՝ առհասարակ, չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ. Վանեցյան

Այս պահին զերծ կմնամ մեկնաբանել հրաժարականի տեքստը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ որոշեց հրաժարական տալ:

«Այն հրապարակվել է,  և բոլորը կարդացել են, գնահատականները տվել են: Առաջիկայում, եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել հրաժարականի տեքստը, անպայման կմեկնաբանեմ»,- ասաց նա ու հավելեց. «Ես իմ բոլոր քայլերն անում եմ շատ գիտակցված և մտածված: Արդեն ասացի՝ երբ լինի անհրաժեշտություն, ես կմեկնաբանեմ հրաժարականի տեքստը: Ուզում եմ կոչ անել բոլորին՝ առհասարակ, չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ: Ես իմ այս 1.5 տարվա ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, և դրական արդյունքները եղել են ակնհայտ բոլորի համար: Այն հեղինակությունն ու վարկանիշը, որ ձեռք է բերել ԱԱԾ-ն, ինձ համար ամենակարևոր և մնայուն արժեքն է, որն անհրաժեշտ է մեր պետությանը, և կարծում եմ, որ այդ գործում ունեցել եմ շատ մեծ հաջողություն: Նախկինների մոտ երեկվանից նկատվող խանդավառության մասով ուզում եմ ասել՝ թող մնան իրենց նախկին քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք՝ ոնց են, և ոնց կշարունակենք»:

Անդրադառնալով վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հայտարարությանը՝ Վանեցյանը պարզաբանեց. «Այդ տեքստը գրվել է իմ կողմից և խմբագրվել իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից: Այսինքն՝ մենք միասին աշխատանք ենք կատարել այդ տեքստի վրա, և ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող են կապել դրանց հետ: Որևէ մեկը ինձ չփորձի կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև նա մարդ է, որը դեռ շատ հարցերի պետք է պատասխան տա ՀՀ օրենքների առջև: Վարչապետը երեկ հայտարարեց, որ կլինի քննություն, և քննությունը պատասխանը կտա՝ արդյո՞ք Միքայել Մինասյանը պետք է պատասխան տա, թե՞ ոչ»:

Նա նշեց նաև, որ Նիկոլ Փաշինյանի հետ շատ լավ հարաբերություններ է ունեցել:

Հարցին՝ զբաղվելո՞ւ է քաղաքականությամբ, թե՞ ոչ, ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց. «Երբ ընդունել եմ հրաժարական տալու որոշումը, չեմ խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ: Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն  իմ ընտանիքի՝ կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ: Տեղեկացրել եմ իմ հրաժարականի մասին և կայացրել այդ որոշումը: Այդ որոշումը շատ մտածված էր, շատ հստակ էր, և ես քաղաքականություն մտնելու կամ քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված որևէ մեկնաբանություն այս պահին չեմ անի: Այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ»: