Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պնդում են, իբր այսպես կոչված խաղաղության պայմանագիրը գրեթե պատրաստ է և կարող է շուտով ստորագրվել։ Մալթայում անցնող ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստի ընթացքում Միրզոյանը հայտարարել է, թե Բաքուն ու Երևանը համաձայնեցրել են «պայմանագրի» նախաբանն ու 17 հոդվածներից 15-ը։ Բայրամովն իր հերթին հայտարարում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև «փաստացի խաղաղություն է հաստատվել»: Այս մասին գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Զուգահեռ, սակայն, ադրբեջանական կողմը մերժում է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ առաջարկը։ Բաքվի դիրքորոշումը պարզ է. ամեն ինչ անում են, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը հանկարծ կենդանության նշաններ չցուցաբերի։ Հանուն այդ նպատակի Ադրբեջանն իսկապես պատրաստ է ստորագրել «խաղաղության պայմանագիր» կոչվածը։
Իրականում Բաքուն բարդ երկընտրանքի առջև է. մի կողմից Ալիևը գիտի, որ Փաշինյանից դեռ շատ բան կարող է ստանալ, մյուս կողմից՝ հասկանում է, որ աշխարհաքաղաքական կենտրոնների համար Արցախի հարցը փակ չէ։ Երկրորդ այս հանգամանքը մեծ սպառնալիք է նրա համար։
Հետևաբար Ալիևը ստիպված է շատ զգույշ և ուշադիր լինել։ Խաղաղության պայմանագիր կոչվածը նրա վարչակազմը դիտարկում է որպես ԵԱՀԿ Մինսկի խումբն արձակելու՝ այսինքն, այդկերպ Արցախի հարցը միջազգային քաղաքական օրակարգից դուրս բերելու գործիք։ Բայց այդ գործիքը Բաքուն ցանկանում է օգտագործել ամենավերջին պահին։ Իսկ մինչ այդ Բայրամովն ու Միրզոյանը կխոսեն սահմանազատման «արդյունավետ» գործընթացի, Հարավայի Կովկասում «հակամարտություններին վերջ դնելու», «խաղաղության» և այլ «ձեռքբերումների» մասին։ Իհարկե, այդ ամենն ի հաշիվ Հայաստանի անվտանգության ու կենսական շահի։
Հուսադրողը միայն այն է, որ Արցախի հարցը դեռևս է և շարունակելու է մնալ աշխարհաքաղաքական օրակարգում։ Ալիևն ուզում է՝ թող Էրդողանի ձեռքը բռնած գա, միևնույն է՝ դա իր որոշելիք հարցը չէ։ Չունի Ադրբեջանն այդպիսի ներուժ։ Ոչ էլ Թուրքիան, որն ավելի քան մեկ դար չի կարողանում ձերբազատվել Հայկական հարցից։
Կարո՞ղ ենք արդյոք մենք օգտվել այդ հանգամանքից։ Իհարկե կարող ենք։ Բայց մինչ այդ շատ գործ ունենք անելու։ Աներևակայելի շատ…»- գրել է նա: