կարևոր
3253 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-11 21:17
Հասարակություն

Հրազդան ՋԷԿ-ի տարածքում երեկ օդի բալոնն է պայթել

Հրազդան ՋԷԿ-ի տարածքում երեկ օդի բալոնն է պայթել

Հրազդանի ՋԷԿ ԲԲԸ-ն հայտարարություն է տարածել երեկ իր տարածքում տեղի ունեցած պայթյունի մասին․

«Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Հրազդան ՋԷԿ-ի տարածքում կառուցվող և դեռևս վերջնական շահագործման չհանձնված գործարանին կից, արտադրական տարածքից դուրս գտնվող հատվածում իրականացված մոնտաժային աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել պատահար՝ օդի բալոնի պայթյուն, որը, ցավոք, մարդկային զոհի պատճառ է դարձել, մի քանի աշխատակիցներ տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։

Ընկերության ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում մեր զոհված գործընկեր Էդգար Հովսեփյանի ընտանիքին և հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ և վստահեցնում, որ մեր ընկերությունը միշտ լինելու է մեր գործընկերոջ ընտանիքի կողքին։

Վիրավորում ստացած գործընկերներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և վստահեցնում, որ կիրականացվի ամեն ինչ՝ վերջիններիս առողջության վերականգնման համար։

Ինչ վերաբերում է ՀՀ լիազոր գերատեսչության  կողմից դեպքից ժամեր անց  հրապարակված հաղորդագրությանն առ այն, որ Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում գտնվող   օբյեկտի նկատմամբ 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրվել, ապա ըստ ս. թ. հուլիսի 23-ին տեսչական մարմնի կողմից տրամադրված  ավարտված շինարարության շահագործման ընդունման եզրակացության՝ «խախտումներ և թերություններ չեն հայտնաբերվել», ինչը փաստում է, որ տեսչական մարմնի կողմից օբյեկտի մանրակրկիտ զննման ընթացքում անվտանգությանը վերաբերող խնդիրներ չեն արձանագրվել։

Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ օբյեկտը ներկայիս դրությամբ վերջնական շահագործման հանձնված չէ, գտնվում է փորձարկման փուլում։ Օբյեկտի վերջնական շահագործման հանձնումը նախատեսվում է 2024 թվականի վերջին»։