Փոխարժեքներ
17 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.61 |
EUR | ⚊ | € 431.53 |
RUB | ⚊ | ₽ 4.24 |
GBP | ⚊ | £ 512.07 |
GEL | ⚊ | ₾ 143.56 |
30 տարի քաղաքացի՞, թե՞ փախստական սեփական երկրում․ արցախցիների կարգավիճակի տեղական ու միջազգային ընկալումները
Արցախցիները 3 տասնամյակ ապրել, աշխատել ու ճամփորդել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով՝ իբրեւ ՀՀ լիիրավ քաղաքացի։ Միայն թե 2023 թ-ի բռնի տեղահանումից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ դա այդպես չի եղել։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու ՀՀ-ում գործունեություն ծավալող միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը միջազգային իրավակարգավորումների տեսանկյունից վերլուծում են այս քաղաքականությունը, դրա ազդեցությունը այլ պետությունների՝ արցախցիների հանդեպ վերաբերմունքի վրա եւ տեղաբնիկ հայերի՝ Արցախ վերադարձի հնարավորությունները։
Արցախցիների ունեցածը ՀՀ անձնագիր է և ոչնչով չի տարբերվում դրանից
Միջազգային կառույցները որևէ ձևով Հայաստանի Հանրապետության Կառավարությանը չէին պարտադրում այս կամ այն կարգավիճակը տալ Արցախից բռնի տեղահանված բնակչությանը՝ հասկանալով, որ մեր դեպքում իրավիճակը մի փոքր այլ է, և Կառավարությունը ինքը պետք է որոշի արցախցիները ՀՀ քաղաքացինե՞ր են, թե՞, այսպես ասած, փախստականներ։
-Ես ինձ հետ բերել եմ իմ անձնագիրը։ Ըստ էության, սա ՀՀ անձնագիր է և ոչնչով չի տարբերվում դրանից։ Եթե կարդաք ՀՀ անձնագրի մասին օրենքը, կտեսնեք, որ անգամ շապիկի և բնութագրության բովանդակությունը ոչնչով չի տարբերվում ՀՀ քաղաքացիությունը հավաստող անձնագրից,- ներկայացնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Բռնի տեղահանումից հետո արցախցիներին որպես փախստական ճանաչելուց հետո ՀՀ իշխանությունը տեղահանված անձանց անձնագիրը ներկայացնում էր որպես «ճամփորդական փաստաթուղթ»՝ իբր տրվել է նրանց ազատ տեղաշարժի իրավունքը չսահմանափակելու համար։ Սակայն Արցախի ՄԻՊ-ը այստեղ ևս «անհարթություն» է տեսնում՝ մեջբերելով Հայաստանի Հանրապետությունում փախստականին տրվող Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի մասին օրենքը, որի 3-րդ կետում ասված է․ «Փաստաթղթի շապիկը կապույտ գույնի է: Շապիկի երեսի վերևի ձախ անկյունը 45 աստիճան թեքությամբ երիզվում է միմյանցից 10 մմ հեռավորությամբ և 3 մմ հաստությամբ երկու գծով: Շապիկի երեսի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Շապիկի կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Շապիկի ներքևի մասում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (1951 Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱ)» բառերը։ Արցախցիների անձնագրերում երբեք չեք տեսնի նման բառեր։
-Եթե մենք ՀՀ լիիրավ քաղաքացի չենք, ապա ինչպե՞ս է ինձ մոտ հայտնվել ՀՀ նույնականացման քարտը։ ՀՀ նույնականացման քարտի մասին օրենքի 2-րդ հոդվածն ասում է․ «Նույնականացման քարտ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացի) ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար»,-ևս մեկ երկաթե փաստարկ է բերում արցախի ՄԻՊ-ը։
Այս ամենից պարզ է դառնում, որ արցախցիների անձնագրերը մեկը մեկին հարաբերակցությամբ լիովին համապատասխանում են ՀՀ ցանկացած բնակավայրում ծնված ու ապրող ՀՀ քաղաքացու անձնագրին։ Ինչը վկայում է այն մասին, որ արցախցիներին ՀՀ-ի տարածքում ժամանակավոր պաշտպանության տակ առնելը կամ փախստականի կարգավիճակ տալը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական որոշում։
Օրենքում չկա հասկացություն «070 կոդով անձնագիր»․ Արա Ղազարյան
Օրենքում չկա հասկացություն «Արցախի կապույտ անձնագիր», ոչ էլ օրենքում կա հասկացություն «070 կոդով անձնագիր»․ օրենքում կա միայն մեկ բան՝ «անձնագիր»՝ ընդգծում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Հետեւաբար, նրա համոզմամբ, բոլոր արցախցիները, ովքեր ունեցել են 070 կոդով անձնագրեր՝ ՀՀ քաղաքացիներ են եղել միշտ, ուղղակի ժամանակին բոլորն են այդպես ընկալել, իսկ 2023 թ-ի սեպտեմբերից հետո ՀՀ իշխանությունները սկսել են այլ մեկնաբանություններ հնչեցնել։
«Այդ հայտարարությունները որոշակիորեն հակասում են նաեւ օրենքին, որովհետեւ մարդիկ ունեցել են անձնագիր, որը ճամփորդական փաստաթուղթ է, որտեղ բառացիորեն գրված է՝ «ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ»։ Այլ բան է, որ այնտեղ նշված է ինչ-որ կոդ՝ սա վիճելի հարց է։ Զուգահեռ շատերը ստացել են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը հավասարազոր է, որ Հայաստանը նրանց դիտարկում է որպես փախստական։
«Հիմա Հայաստանի դռները բաց են՝ ովքեր ուզում են կարող են արագացված կարգով քաղաքացիություն ստանալ, որովհետեւ նրանք նաեւ ծագումով հայեր են, իսկ ծագումով հայերը արագացված կարգով են ստանում քաղաքացիություն»,-նշում է Արա Ղազարյանը։
Արցախցիները մտահոգ են, որ եթե հրաժարվեն գործող անձնագրերից՝ կկորցնեն Արցախի հետ կապը
-Երբ մենք սկսում ենք խոսել այս մասին, ՀՀ իշխանության կողմից հնչում է հետևյալը՝ եթե այդքան շատ եք ուզում ՀՀ քաղաքացիություն, բա ինչո՞ւ չեք դիմում այն ստանալու համար, այն պարագայում, երբ արցախցիներին առաջարկվող բնակապահովման ծրագրի համար որպես պարտադիր պահանջ սահմանված է հենց քաղաքացիություն ունենալու հանգամանքը։ Վերջին տվյալով, եթե չեմ սխալվում, մոտ 300 ընտանիք է դիմել այդ ծրագրին, իսկ ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացիություն ստացել է շուրջ 4․000 մարդ 10 ամսվա ընթացքում,- նշում է Գեղամ Ստեփանյանը և պարզաբանում՝ հիմնական հանգամանքը այն է, որ մարդկանց մոտ կա մտահոգություն, նաև կարծրատիպ, որ եթե հրաժարվում են գործող անձնագրերից՝ կորցնում են Արցախի հետ իրենց կապն ու առնչությունը։
Արցախի ՄԻՊ-ը այս հարցի հետ կապված տարբեր քննարկումներ է անցկացրել միջազգային հեղինակավոր փորձագետների հետ, որի արդյունքում պարզվել է, որ փախստականի կարգավիճակի պահպանումը ավելի է ընդգծում վերադարձի իրավունքի հրատապությունը։ Այսինքն, եթե բռնի տեղահանվածը պահպանում է իր փախստականի կարգավիճակը, միջազգային հանրության տեսանկյունից նրանց իրավունքների ապահովումն ու վերադարձի իրավունքը ավելի հրատապ է դառնում, քան եթե անձը ստացել է որևէ հանրապետության քաղաքացիություն՝ կապ չունի ՀՀ-ի, ՌԴ-ի, թե այլ երկրի։ Եթե անձը այլ պետության պաշտպանության ներքո է որպես քաղաքացի, նրա վերադարձի իրավունքը չի կորում, պարզապես հրատապությունն է կորցնում։
Անկախ կարգավիճակից՝ արցախցիների գույքային սեփականության իրավունքը Արցախում պահպանվում է․ Արա Ղազարյան
Փախստականի կարգավիճակի նպատակը միջազգային պաշտպանություն, հովանավորություն ստանալն է, որպեսզի այդ անձանց չուղարկեն իրենց ծագման երկիր, որովհետեւ ծագման երկրում նրանց վտանգ է սպառնում՝ բացատրում է միջազգային իրավունքի մասագետ Արա Ղազարյանը։
«Հիմա եթե էթնիկ հայերը գալիս են Հայաստան եւ ստանում են քաղաքացիություն, բնականաբար արդեն նրանք անցնում են ՀՀ պաշտպանության տակ։ Կամ էլ եթե չեն ուզում ստանալ քաղաքացիություն, այլ փախստականի կարգավիճակ՝ անցնում են միջազգային պաշտպաության տակ, այսինքն, նրանց ոչ մեկը չի վերադարձնի իրենց ծագման երկիր իրենց կամքին հակառակ․ սա է փախստականի կարգավիճակի նպատակը»,-նշում է նա։
Անդրադառնալով իրավական գործընթացների տրամաբանությանը՝ նա պարզաբանում է, որ եթե ինչ-որ մեկը ներկայացնում է դիմում, որտեղ նշում է, որ բռնի տեղահանված է Արցախից եւ նաեւ ներկայացնում է, որ Հայաստանից ստացել է ժամանակավոր պաշտպանության կամ փախստականի կարգավիճակ, բնականաբար փաստարկներն ավելի ուժեղանում են, այսինքն, հիմնավորվում է, որ այդ անձը իսկապես Արցախից բռնի տեղահանված անձ է, թեեւ դա կարելի է ապացուցել նաեւ այլ եղանակով։
«Այդուհանդերձ, ես դա համարում եմ երկրորդական հանգամանք՝ նա փախստականի կարգավիճակ ունի, թե ոչ, որովհետեւ անկախ այդ կարգավիճակից պատմությունը ցույց է տալիս, որ նրա հայրենիքը Արցախն էր եւ ինքը բռնի տեղահանվել է իր ծագման երկրից՝ իր հայրենիքից․ սա արդեն բավական է, որ իրավական գործընթացներում նաեւ գույքային իրավունքը, վերադարձի իրավունքը, ռեստիտուցիան՝ այդ ամբողջը ճանաչվի»,-ասում է Արա Ղազարյանը։
Իրավական գործընթացները, ըստ իրավագետի, կարելի է առաջ մղել շեշտադրելով վերադարձի իրավունքը, գույքային իրավունքը, փոխհատուցումը եւ այլն՝ նկատի առնելով, որ Արցախը տվյալ տեղահանված մարդկանց համար պատմական հայրենիք է եւ բոլորովին կապ չունի՝ այն անկախ էր, ինքնորոշված, թե ոչ։ Հայաստանի նախաձեռնած միջազգային իրավական բոլոր գործընթացներում որպես իրավական փաստարկ բերվում է, որ Արցախը այն երկիրն է, որը անձը համարում է, որ իր հայրենիքն է․ ըստ միջազգային դաշնագրի դա մեկնաբանվում է վայր, որի հետ անձը ունի հատուկ կապեր՝ սոցիալական, համայնքային, մշակութային, պատմական կապերը, լեզուն, ծնունդը, այն ամենը, ինչ նշանակում է հայրենիք յուրաքանչյուր մարդու համար։
Որպես կոնկրետ դատական ակտի օրինակ Արա Ղազարյանը հիշեցնում է Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի վճիռը, որտեղ Եվրադատարանը բավականին մոտեցել է այդ գաղափարին, որ Սարգսյանները ապրելով Գյուլիստան գյուղում, ունենալով Սովետական Ադրբեջանի օրենքներով ընդունված սեփականություն, այդ սեփականության իրավունքը մինչեւ հիմա էլ գոյություն ունի, թեեւ Սովետական Ադրբեջանը այլեւս չկա։ Եվ դրանից էլ բխում է, որ Սարգսյանները կա՛մ պետք է հնարավորություն ունենան վերադառնալու եւ ապրելու այնտեղ, կամ էլ Ադրբեջանը պետք է նրանց փոխհատուցում տրամադրի։
«Հիմա փոխհատուցման այս գործընթացը ընթացքի մեջ է։ Սա փոքրիկ մոդել է, որը կարող է կիրառվել արդեն Արցախի հանդեպ։ Այսինքն, անկախ նրանից, որ գոյություն չունի այն պետությունը, որտեղ քաղաքացին ապրում էր եւ այնտեղ այլ պետություն է հիմա, դա չի նշանակում, որ գույքային իրավունքը վերանում է»,-վստահեցնում է Արա Ղազարյանը։
«Ծագման երկիր» հասկացությունը, նրա խոսքով, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի շրջանակում է համակարգվում։
Ակնհայտ է, որ արտաքին աշխարհի համար մենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ ենք․ Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ-ը նկատել է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարը օգտագործում է «փախստական» տերմինը, իսկ Եվրոպական միության բանաձևերում և ամերիկյան հայտարարություններում այդ եզրույթը չկա, փոխարենը այնտեղ միշտ օգտագործվում է «բռնի տեղահանված» արտահայտությունը։
-Ակնհայտ է, որ արտաքին աշխարհի համար մենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ ենք, և միջազգային կառույցներից այն օգնությունները, որ ուղարկվում են ՀՀ, ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար է,- ասում է Գ․ Ստեփանյանը։
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ արցախցիներին ՎԻԶԱ տրամադրելու հարցում տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ են ցուցաբերում։ Պրն․ Ստեփանյանի ներկայացմամբ՝ մուտքի արտոնագրի հետ կապված Ամերիկյան դեսպանությունը արցախցիների անձնագրերը ընդունում է որպես ՀՀ քաղաքացու անձնագիր՝ երբևէ 070 կոդի վրա հղում չանելով և կասկածի տակ չդնելով վերջիններիս քաղաքացի լինելու հանգամանքը։ Եվրոպական մի շարք երկրներ ևս 070 կոդով աձնագրերում «վտանգ» չեն տեսնում՝ խոսքը Ֆրանսիայի, որոշ չափով նաև Գերմանիայի մասին է․ վերջինիս պարագայում և՛ մերժումներ, և՛ հաստատումներ են լինում։
Հատկապես Արևելյան Եվրոպայի երկրները՝ Լեհաստան, Սլովակիա, Ավստրիա, խուսափում են արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելուց՝ հղում անելով ՀՀ Կառավարության հայտարարություններին, ինչը կասկածի տակ է դնում արցախցիների ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը։
-Երբ ասում ես, լավ, ենթադրենք սա ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ չէ, այլ ընդամենը «ճամփորդական փաստաթուղթ»՝ 1951թ․ «Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիա»-ի համաձայն, վերջիններս ունեն ազատ տեղաշարժի իրավունք, և կարող ես անգամ այս փաստաթղթով ճամփորդել։ Այս փաստին ի պատասխան նրանք առաջ են բերում իրենց դիտարկումները՝ թո՛ղ ՀՀ Կառավարությունը ձեր անձնագրերը հավաքի, և բաժանի պաշտոնապես ճանաչված «Ճամփորդական փաստաթղթեր» և մենք կընթացքավորենք գործընթացն ու կտրամադրենք մուտքի արտոնագիրը,- նշում է Արցախի ՄԻՊ-ը։
Պարզ է դառնում, որ այն երկրները, որոնք արցախցիներին մուտքի արտոնագիր են տրամադրում, նրանց համարում են ՀՀ քաղաքացիներ։
Արցախ վերադարձի տեսական հիմքերը կան՝ մնում է պետությունները բանակցեն․ Արա Ղազարյան
Եթե անձը ստացել է անձնագիր՝ ճամփորդական փաստաթուղթ, ու նաեւ փախստականի կարգավիճակ, ուրեմն նա կարող է տեղաշարժվել այնքան, որքան այլ անձինք առանց սահմանափակման՝ վստահեցնում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
«Եթե դա ճամփորդական փաստաթուղթ է, վրան գրված է «Հայաստանի Հանրապետություն»՝ դա քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ է։ Հիմա թե մնացածը՝ իշխանությունները ի՞նչ են մեկնաբանել, ես չեմ համարում, որ այդ մեկնաբանությունը համընկնում է օրենքի տառին»,-ասում է իրավագետը։
Արցախ վերադարձի տեսական հիմքերը կան՝ առաջին հերթին միջազգային իրավունքում, նշում է նա, միջազգային սովորութային իրավունքում, մարդու իրավունքների միջազգային փաստաթղթում եւ նաեւ հումանիտար իրավունքում՝ ռազմական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանման հիմքով։
«Տեսական հիմքը կա։ Մնացածը մնում է պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան պայմանավորվել՝ միայն միջազգային կայուն հեղինակավոր ներկայությամբ։ Ամենայն հավանականությամբ, դա արեւմտյան կոնտիգենտը պետք է լինի, որովհետեւ Ռուսաստանի ներկայությունը, տեսանք, ինչ բերեց մեր գլխին՝ Ռուսաստանը չկարողացավ ապահովել անաչառ եւ հավասար արբիտրի դերակատարումը։ Հիմա, կարծես թե, Եվրոպական Միությունն է նման դերակատարում վերցրել՝ ԵՄ պաշտոնատար անձինք են նման հայտարարություններով հանդես գալիս։ Այսինքն, պետությունները պետք է կարողանան պայմանավորվել, բնակաաբար, դա պետք է լինի խաղաղության պայմանագրով»,-լուծումը պատկերացնում է Արա Ղազարյանը։
Արցախծցիների Արցախ վերադարձի ուղենիշը, նրա համոզմամբ, 2020 թ-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի այն կետն է, որի համաձայն փախստականները պետք վերադառնան ՄԱԿ-ի փախստականների հարցերի գրասենյակի հովանու ներքո։
Սա նույնպես միջազգային ներկայություն է, իսկ մնացածը՝ կոնկրետ մեխանիզմները, պետք է սահմանվեն խաղաղության պայմանագրով։
Ընդ որում, իրավագետը նկատում է, որ մինչեւ 2020 թ-ի պատերազմը իրավական եւ քաղաքական հարթակերում Հայաստանը ներակայացնում էր, որ հակամարտությունը ո՛չ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Արցախի ու Ադրբեջանի միջեւ էր, մինչդեռ 2020 թ-ից հետո իրավիճակը փոխվեց՝ Հայաստանն է բանակցում Ադրբեջանի հետ, դա փաստ է, որովհետեւ Արցախի Հանրապետությունը որպես միավոր գոյություն չունի։
«Փաստորեն, Հայաստանն է բանակցում, որովհետեւ խոսքը վերաբերում է էթնիկ հայերին՝ կա՛մ իր քաղաքացիներին, կա՛մ էլ իր պատմականորեն ճանաչված տարածքին՝ Արցախին, բայց փաստն այն է, որ Հայաստանն է բանակցում»,-նշում է Արա Ղազարյանը։
Արցախի ինքնորոշման իրավունքի մասով այսօր որեւէ դատական գործընթաց չկա ու, ըստ իրավագետի, չի էլ կարող լինել, որովհետեւ ինքնորոշման իրավունքը քաղաքական գործընթաց է։
«Իհարկե, անկախության հռչակման գործընթացը իրավական է, որովհետեւ կապ ունի ազատ խոսքի, հավաքների իրավունքի հետ, այսինքն, քաղաքացիական ազատությունների, բայց անկախության ճանաչումն արդեն քաղաքական գործընթաց է․ Արցախը չհասավ դրան, որովհետեւ Արցախն այդպես էլ չճանաչվեց որեւէ պետության կողմից, բայց զուգահեռ երբ տեսնում ենք Պաղեստինը՝ արդեն մի քանի պետություններ ճանաչել են ու նաեւ Հայաստանն է ճանաչել Պաղեստինի անկախությունը, զուգահեռ Իսրայելի դեմ կան շատ լուրջ իրավական գործընթացնե՝ր 48 թ-ից Պաղեստինի հանդեպ Իսրայելի օկուպացիոն բռնի քաղաքականության վերաբերյալ, եւ քաղաքական գործընթացներում իրավական գործընթացները ստանդարտեր են սահմանում, որոնք այնուհետեւ ամրագրվում են քաղաքական փաստաթղթերով»,-նշում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Արցախի ինքնորոշման մասին, նրա համոզմամբ, կարելի է խոսել, երբ լինի վերադարձը, ձեռք բերվի որոշակի ինքնավարություն, նոր դրան հետեւի ճանաչումը։
Իրինա Հայրապետյան
Աննա Բալյան
Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ: