կարևոր
6247 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-25 16:33
Իրավական

Առաջին օրից ասում ենք՝ չի եղել նման բան, դրա օբյեկտիվ ապացույցը հենց այս տեսանյութն է․ Լևոն Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը, որի ժամանակ հետազոտվում են  նախաքննական մարմնի ներկայացրած ապացույցները, մասնավորապես տեսագրությունները։ Մինչդեռ, ըստ պաշտպանական կողմի, այդ տեսանյութերն իրականում փաստում են ոստիկանների գործողությունների անօրինականությունն ու այն, որ ներկայացված մեղադրանքն անհիմն է։

Ըստ նախաքննական մարմնի՝ Լևոն Քոչարյանը ներկայացված տեսանյութերում խոչընդոտել է ոստիկանների օրինական գործողությունները, այն է՝ քաղաքացիների բերման ենթարկելուն, իսկ տեսանյութերում երևում էր, որ ոստիկանները որևէ օրինական պահանջ չեն ներկայացրել քաղաքացիներին։

«Ասում են՝ օրինական պահանջ են ներկայացրել, մենք հետ ենք դարձել, մխրճվել ենք ոստիկանների մեջ ու հարվածներ ենք հասցրել ոստիկաններին: Սրանցից ո՞րն է այս տեսանյութով ապացուցվում: Շնորհակալություն եմ հայտնում այս տեսանյութի համար, որովհետև դրանով հակառակն է  ապացուցվում»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ կա ցուցմունք ոստիկանի կողմից, թե ոստիկանը բարձրախոսով այդ մեքենայից օրինական պահանջ է հնչեցրել:

«Մենք առաջին օրից ասում ենք՝ չի եղել նման բան, դրա օբյեկտիվ ապացույցը հենց այս տեսանյութն է: Տեսանյութում տեսնում ենք՝ ոստիկանների շատ անհասկանալի պահվածքը: Իրենք եկել էին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը բացելու, բայց քաղաքացիներն իրենք են ազատում ու շարժվում՝ դեպի Սարյան փողոց, ինչից հետո ոստիկանները սկսում են անիմաստ մարդկանց բերման ենթարկել»,- նկատեց նա:

«էդ ի՞նչ բառ է օգտագործվում, գնում, կանգնում ենք, ի՞նչ մխրճվել: Վերջիվերջո տեսանյութ կա չէ՞, բոլորս տեսնում ենք, անհարմար վիճակում եք հայտնվում: Տեսանյութն ապացուցում է, որ մենք չենք հարվածել ոստիկաններին, ոչ մի ապօրինի գործողություններ չենք արել, իսկ ոստիկաններն արել են ու ոչ մի օրինական պահանջ էլ չի հնչել»,- նշեց նա:

Դատական այօրվա նիստը հետաձգվեց՝ տեխնիկական խնդրի պատճառով։
 

Մանրամասն՝ տեսանյութում։