Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի Կոմիտասի պողոտայում երկու եղբայրներին մահակի կիրառմամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար 28-ամյա երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը գրել էր, թե հունիսի 21-ին Կոմիտասի պողոտայում տաքսու սպասող 65 և 51 տարեկան արցախցիներին ՍԱՍ սուպերմարկետի առջև «բեյսբոլի բիտայով» դաժանաբար ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար։ Տղամարդիկ գտնվում են Հերացու անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ գանգոսկրի կոտրվածքներով։ Փաստաբանը նաև մեղադրել էր քննիչներին անգործության մեջ։
2024 թվականի հունիսի 21-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։15-11։20-նն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետի դիմաց անհայտ քաղաքացին վիճաբանել է իր և եղբոր հետ, որի ընթացքում մահակով հարվածներ է հասցրել իրենց, և եղբայրը գտնվում է անգիտակից վիճակում։
Ի պատասխան՝ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտարարել էր, որ քննիչների անգործության մասին հայտարարություններն իրականության հետ աղերս չունեն և խիստ մանիպուլյատիվ են։ Նա հայտնել էր, որ եղբայրները ճանաչվել են տուժող, նույն օրը բուժհաստատությունում նրանցից մեկը հարցաքննվել է, մյուսի հետ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել` վերջինիս առողջական վիճակով պայմանավորված։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ եղբայրներին նշված վայրում ծեծի է ենթարկել Երևանի 28-ամյա բնակիչը:
ՔԿ-ից հայտնում են, որ սուպերմարկետի մոտ երկու եղբայրների և 28-ամյա բնակչի միջև տեղի է ունեցել խոսակցություն, որը վերաճել է վիճաբանության։ Այդ ընթացքում վերջինս բռունցքով հարվածել է եղբայրներից մեկին, ապա մոտակայքում կայանված մեքենայի բեռնախցիկից վերցրել փայտյա մահակը, դրանով մի քանի հարված հասցրել եղբայրների մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։
28-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով հարուցելու վերաբերյալ:
Կայացվել է նրան ձերբակալելու որոշում նրան դատարան ներկայացնելու համար՝ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու նպատակով։